Նորություններ

Վերջին 5 տարվա ընթացքում Շիրակի մարզում գյուղատնտեսությունն այնքան վնաս չէր կրել, որքան այս տարի

Գուրգեն Մաթևոսյանի գնահատմամբ՝ Շիրակի մարզում տարին այնքան անբարենպաստ էր, որ նույնիսկ մեղր չստացվեց, ինքը մեղվապահ է, ասում է, ժրաջան մեղուն նույնիսկ չկարողացավ պաշար հավաքել

Գյուղատնտեսական տարին Շիրակի մարզում ամփոփելիս՝ և՛ ոլորտի մասնագետները, և՛ գյուղացիները այն բնութագրում են այսպես․ անբարենպաստ էր բոլոր առումներով։ Հունիս ամսվա ջերմային բարձր ֆոնը, աննախադեպ շոգը, տեղումների բացակայությունն ու ժամանակին ցանքերին ոռոգման ջուր չհասցնելը մարզում բերքի մեծ կորուստների հանգեցրին։ Ցածր է բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, մասնավորապես հացահատիկի։

Ինչպես ԳԱԼԱ-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Արամ Վարձելյանը, այս տարի ցանվել էր 36.074 հա հացահատիկ, ինչն անցած տարվանից ավելի էր մոտ 3000 հա-ով, բայց ստացված բերքի քանակն այս տարի շատ ավելի պակաս է նախորդ տարվա հավաքածից։ Անցած տարի հացահատիկի միջին բերքատվությունը Շիրակի մարզում կազմել է 17-20 ց, այս տարի՝ 8-10 ց։

Կապսի բնակիչ Լևոն Միքայելյանի բնորոշմամբ՝ վնասներին հաշիվ չկա, ցանած հացահատիկի հազիվ 20 տոկոսն են քաղել գյուղում։ Վնաս են կրել ոչ միայն երաշտից, նաև կարկուտից։

«Եթե միայն կարկուտով պրծնեինք, լավ կլիներ, երաշտն ամեն ինչ վառեց ու թափեց, եկամտի մասին խոսելը ավելորդ է»,- ավելացրեց բնակիչը։

Աշնանացանի ժամանակն է, բայց գյուղերում սերմացու գնել չեն կարող։ Որակյալ սերմացուի խնդիր, ըստ մարզպետարանի պատասխանատուի, մարզը չունի, ֆերմերները ներկրել են, տեղում ևս Գյումրիի սելեկցիոն կայանը որակյալ սերմացու աճեցրել է, բայց գյուղաբնակներն անբարենպաստ տարվանից հետո վճարունակ չեն։ Գյուղերում շատացել են հողերը վարձակալության տվողները, հողատերը ցանել չի կարող, ուրիշը՝ կցանի։ Գյուղացիների մի մասն էլ մտածում է, որ գարնանը գարի կցանի։

«Պիտի ցանես՝ հույս ունենալով, որ էկող տարի լավ կէղնի»,- ասում է Մայիսյան գյուղի բնակիչ Գուրգեն Մաթևոսյանը և ավելացնում, որ ամեն տարի այդպես են ասում, որ լավ կլինի, բայց քանի գնում, այնքան վատանում է գյուղացու վիճակը։

Գուրգեն Մաթևոսյանի գնահատմամբ՝ Շիրակի մարզում տարին այնքան անբարենպաստ էր, որ նույնիսկ մեղր չստացվեց, ինքը մեղվապահ է, ասում է, ժրաջան մեղուն նույնիսկ չկարողացավ պաշար հավաքել։

Արևշատ համայնքի ղեկավար Սայաթ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց գյուղ ժամանակին ոռոգման ջուր չհասավ, բույսն էլ աճ չունեցավ։ Ոմանք նույնիսկ կոմբայն չմտցրին դաշտ, ցածր ծիլը կոմբայնը չէր կարողանա հնձել։

Գյուղատնտեսական վատ տարվանից հետո գյուղացին կրած վնասներն է հաշվում, իսկ բանկերը՝ իրենց վարկերը պահանջում։

Շիրակի մարզպետարանը նաև մարզում այս տարվա կարկտահարության հասցրած վնասներն է հաշվարկել։ 24 բնակավայրում կարկտի հետևանքով 2618 հա ցանք է վնասվել, 50-100 տոկոսով։ Մարզի գյուղատնտեսության կրած վնասների մասին համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի կառավարություն։

Կարինե Կազարովա

Back to top button
Close