ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Սեպտեմբերի 26-ի գիշերը վաշտի հրամանատարը զանգեց և ասաց, որ ուշադիր լինենք՝ հավանական է՝ առավոտ պատերազմ սկսվի»

«Սեպտեմբերի 26-ի գիշերը վաշտի հրամանատարը զանգեց և ասաց, որ ուշադիր լինենք՝ հավանական է, որ առավոտ պատերազմ սկսվի: Ճիշտն ասած՝ չէինք հավատում»

«Սեպտեմբերի  26-ն էր, գիշերը վաշտի  հրամանատարը զանգեց և ասաց, որ ուշադիր լինենք՝ հավանական է, որ առավոտ պատերազմ սկսվի: Ճիշտն ասած՝ չէինք հավատում, որ կարող էր պատերազմ սկսվել, որովհետև էլի են եղել դեպքեր, երբ մեզ ասել են, որ կարող է  պատերազմ սկսվի, բայց չի սկսվել: Առավոտյան  7:10-ի կողմ էր, առաջին արկը խփեց մեր կացարանի կողքը: Ես մարտական դիրքի ավագն էի, զինվորներին ասացի, որ թաքստոց մտնեն: Հետո մեծ դժվարությամբ կացարանից իջեցրինք մեր զենքն ու զինամթերքը դեպի թաքստոց: Հակառակորդն ամբողջ դիրքի  երկայնքով օգտագործում էր տարբեր ծանր հրետանային զինատեսակներ, 7։10-ից մինչև 12:40: Այնուհետև հակառակորդը սկսեց հարձակվել տանկերով, մարդուժով: Մենք մեր դիրքի անձնակազմի ուժերով չեզոքացնում էինք թշնամու գրոհները, բայց, ցավոք, տանկի կրակոցից զոհվեց մեր Դավիթ Բադալյանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արկադի Քոչարյանը:

Արկադի Ջանիբեկի Քոչարյանը 21 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ծնվել է 2000թ. հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: 2019թ. հունվարի 17-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության Արցախի Մարտակերտի զորամասում: Ջոկի հրամանատար էր, սերժանտ:

պատերազմԱրկադին պատմում է, որ մի  որոշ ժամանակ անց իրենց դասակին տեղափոխել են Մատաղիս: Տղաներին չեն ասել, որ գնում են Մատաղիս, ասել են՝ գնում ենք թիկունք դիտարկում կատարելու:

«Մատաղիսում իրավիճակը ծանր էր, հակառակորդն օգտագործում էր՝ ինչ զենք ուներ ձեռքի տակ: Վիճակն ամեն օր վատանում էր, այնքան վատ էր, որ էլ ոչինչ չէր կարող իրավիճակը փոխել:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան նստած էինք թաքստոցում, և հակառակորդը հանկարծակի «Գրադ» կայանքից սկսեց խփել: Մենք նստած հաշվում էինք արկերը, բայց վերջին արկի ձայնը շատ մոտիկից զգացի, հասցրել եմ միայն դեմքս փակել: Հիշում եմ, որ արկի պայթելուց հետո ես մութ տեղանքով ճանապարհ էի գնում, ոնց որ երազ լիներ, այդ մութ տեղում մի փոքր լույս  կար: Ես ուզում էի բռնել այդ լույսը, բայց  չէի կարող, փորձեցի ու մի կերպ բռնեցի: Զարթնեցի և հիշում եմ, որ ուժեղ գոռում էի, բայց չէի հասկանում՝ ինչի եմ գոռում, կամ ինչ է պատահել: Մեր տղերքից մեկը  օգնեց, քաշեց հետ: Կրծքավանդակիս և ծնկիս վրա ծակեր կային և բետոնի կտորներ: Տղերքը  հանեցին ինձ այդտեղից, գիտակցությունս տեղն եկավ, ցավեր չունեի, ուղղակի վրայիցս ուժեղ ծուխ էր դուրս ելնում, երկու ձեռքերս վառված էին։ Ընկերներիցս մեկը՝ Ազատ Այվազյանը, ընկած էր, տղերքին ասացի՝ օգնեք՝ մոտիկանամ Ազատին, տեսնեմ՝ ինչ է եղել: Օգնեցին, կանգնեցի, ձախ ոտքս գցեցի առաջ, որ գնամ, միանգամից ընկա գետնին, և սկսվեցին անտանելի ցավերը:

Ես կոտրվածքներ էի ստացել, տեսողության կորուստ: Տղերքը դժվարությամբ դուրս բերեցին ինձ թաքստոցից, հակառակորդը հրետակոծում էր մեր ուղղությամբ»,- պատմում է Արկադին:

Նրա համար սկսվել են դժվար և փորձություններով, պայքարով լի օրերը:

«Ես  կոմայի մեջ էի ընկել և զարթնել եմ շտապօգնության մեքենայի մեջ, բժիշկը հարցրեց՝ տուն զանգե՞լ ես, խոսե՞լ ես տնեցիքի հետ: Ասացի՝ չէ. համոզում էր, որ տուն զանգեմ… ես գիտեի, որ զանգեի տուն, լավ  չի լինի, հա, զանգեմ տուն ի՞նչ ասեմ:

Դժվարն անցել է… հիմա պիտի ամեն ինչ անենք, որ կյանքը շարունակվի:

Շատ բաներ կան, որ լավ կլիներ, որ ընդհանրապես չհիշեի, բայց  դե, հիմա դա է, պատերազմ էր: Ցավը բոլորինս է, բայց մերը մի քիչ ավելի շատ է, քանի որ մենք մեր աչքերով տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները մահանում, և մենք ոչինչ չենք կարողացել անել իրենց համար»,-եզրափակեց արցախյան պատերազմի մասնակից Արկադի Քոչարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close