Նորություններ

«Ադրբեջանցիները, տեսնելով ռուսական դրոշները, ռուս զինվորներին՝ էլի կշարունակեն կրակել, բայց գոնե ֆիզիկապես առաջ չեն գա». քաղաքագետ

«Ադրբեջանցիները, տեսնելով ռուսական դրոշները, ռուս զինվորներին, էլի կշարունակեն կրակել, բայց գոնե ֆիզիկապես առաջ չեն գա: Ռուսական զորքերը զսպում են Ադրբեջանի ֆիզիկական առաջխաղացումը, և այդ առումով կարելի է ասել, որ ռուսական ներկայությունն Ադրբեջանի համար զսպիչ դեր է խաղում»:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանն այնպիսի հետաքրքրություն ունի, որ ռուս զինվորներին տեղակայելով՝ իր ազդեցությունը կամրապնդի Հայաստանի վրա: Ինչո՞ւ ենք  մենք  խնդրում, որովհետև կա ընկալում, որ ռուսական զորքերը զսպող դեր կխաղան ադրբեջանական սանձարձակությունների դեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Կոսոբոկովի անձի վերաբերյալ առարկություն չի եղել, բայց ադրբեջանական մեդիա տիրույթում կային քննարկումներ, որ Կոսոբոկովի նշանակումն Ադրբեջանում բացասական է ընդունվել և ընկալվել է որպես ուղերձ՝ ուղղված Ադրբեջանին:

«Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական մեդիա տիրույթը բավականաչափ կախված է պետությունից, և անկախ գործընթացներ շատ քիչ են լինում, ուստի կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանում դժգոհություններ կային, որոնք հրապարակայնորեն չեն արտահայտվում, բայց արտահայտվում են մեդիա մեսիջների միջոցով:

Բենիամին Պողոսյան

Որքանով  ճիշտ եմ հիշում, ադրբեջանցիների մտահոգությունները կապված են նաև Կոսոբոկովի Աբխազիայում, Հարավային Օսիայում ծառայության կամ այդ շրջաններին առնչություն ունենալու հետ:

Ենթադրվում է, որ դրանով Ռուսաստանը ցույց է տալիս, որ Արցախին վերաբերվում է ինչպես Աբխազիա կամ Հարավային Օսիա՝ չնայած անկախությունը չի ճանաչել:

Ադրբեջանի համար դա շատ զգայուն թեմա է, նրանք ամեն ինչ անում են, որ եթե ռուսական զորքը Արցախում մնա 2025թ.-ից հետո, լինի հստակ ընկալում, որ ռուսական զորախումբը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանի համար, իհարկե, լավագույն լուծումը այն կլինի, որ ընդհանրապես Արցախում օտարերկրյա զորքեր չլինեն, և դա կնշանակի Արցախում հայ բնակչության վերջնական վերացում՝ կոտորածի ու մարդկանց բռնի տեղահանման տեսքով:

Ադրբեջանը նաև հասկանում է, որ դրան հասնելը շատ բարդ կլինի առնվազն կարճաժամկետ հեռանկարում: Դրա համար չեմ բացառում, որ Ադրբեջանը կհամաձայնվի ռուսական զորքերի տեղակայմանը, բայց պայմանով, որ պայմանավորվածությունները լինեն երկկողմ մակարդակով, այսինքն՝ Ադրբեջան-Ռուսաստան, այլ ոչ թե եռակողմ հայտարարության մեխանիկական երկարաձգման տեսքով»,- նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովն ավարտեց իր  առաքելությունը՝ որպես Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար: Նրա փոխարեն նշանակվել էր Միխայիլ Կոսոբոկովը: Վերջինս, սակայն, չաշխատեց այդ պաշտոնում, և նրա փոխարեն ներկայացվեց Գենադի Անաշկինը:

Որքանո՞վ են ռուս խաղաղապահները նպաստում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, և արդյո՞ք միայն դա է պատճառը, որ նրանք տեղակայվում են նաև Տավուշի սահմանային որոշ հատվածներում:

Հարցադրմանն  ի պատասխան՝ Պողոսյանը հայտարարեց.

«Որքանով ես եմ տեղեկացված, գոնե ՀՀ մասով ռուսական հավելյալ զորախմբերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արվում է Հայաստանի  խնդրանքով: Այսինքն՝ մենք ենք խնդրում Ռուսաստանին, որպեսզի հավելյալ ռուսական զորքեր բաշխվեն հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի ավելի հանգիստ լինի: Ինչքանո՞վ դա կարող  է նպաստել կայունությանը՝ չգիտեմ, բայց տրամաբանությունն այն է, որ Հայաստանն է հավելյալ ռուսական խմբեր խնդրում, որպեսզի տեղակայվեն ՀՀ տարածքում, և առնվազն նման քայլը բխում է ՀՀ շահերից, եթե իհարկե չենք նայում այն կանխավարկածին, որ ՀՀ ղեկավարությունը կատարում է ՀՀ շահերին դեմ քայլեր:

Չեմ կարծում, որ Ռուսաստանն այնպիսի հետաքրքրություն ունի, որ հավելյալ զորքեր տեղակայելով՝ իր ազդեցությունը կամրապնդի Հայաստանի վրա:

Ինչո՞ւ ենք  մենք  խնդրում, որովհետև կա ընկալում, որ ռուսական զորքերը զսպող դեր կխաղան ադրբեջանական սանձարձակությունների դեմ:

Ադրբեջանցիները, տեսնելով ռուսական դրոշները, ռուս զինվորներին, էլի կշարունակեն կրակել, բայց գոնե ֆիզիկապես առաջ  չեն գա: Ռուսական զորքերը զսպում են Ադրբեջանի ֆիզիկական առաջխաղացումը, և այդ առումով կարելի է ասել, որ ռուսական ներկայությունը Ադրբեջանի համար զսպիչ դեր է խաղում:

Իսկ եթե մենք  խոսում ենք Արցախի մասին, մի  բան հստակ է, որ հայերը  շարունակում են մնալ Արցախում, որովհետև այնտեղ կա օտարերկրյա ռազմական ներկայություն, տվյալ դեպքում՝ ռուսական զինված ուժերն են ապահովում Արցախի անվտանգությունը»,- նշեց Պողոսյանը:

Արդեն մի քանի օր է ադրբեջանցիների պահանջով Ամարասի վրայից Արցախի  դրոշը հանվում է: Ըստ Մաճկալաշենի համայնքապետի՝ ռուսներն իրենց հայտնել են, որ կարող են Հայաստանի դրոշը տեղադրել Ամարասի վրա, բայց ոչ Արցախինը: Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն այդքան լոյալ և հարմարվող ադրբեջանցիների և նրանց պահանջների հանդեպ, և ինչո՞ւ հայկական կողմը պաշտոնապես նման պահանջներ չի ներկայացնում:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Դրոշի մասով այնքան հակասական են տվյալները, սկսած համայնքապետի, վերջացրած Արցախի թեմի առաջնորդի հայտարարությունները, որ ես չեմ ցանկանա մեկնաբանել:

Ցանկացած խնդրի դեպքում հայկական կողմը պիտի բարձրաձայնի, ընդ որում ոչ միայն դրոշի հարցը, այլ նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու վիզաների հետ կապված: Ընդհանրապես, այո, Արցախի  իշխանությունները պետք է ակտիվ աշխատեն ռուս խաղաղապահների հետ:

Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքի մի մասը կրում է ոչ հրապարակային բնույթ, բայց արդյունքներից դատելով՝ կարող ենք ասել, որ այդ աշխատանքները պիտի ակտիվացնել»,- եզրափակեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close