Նորություններ

Ոգեկոչում` ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների

Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում։ Հնչեցին Կոմիտասի և Նարեկացու շարականները։ Տեր Փավստոս քահանա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ այսօր մեր ցավը, մեր տառապանքը ազգային է և այս իրավիճակում պիտի առավել քան երբևէ մոտ լինենք հոգևոր-մշակութային արժեքներին։

«Մեր երեխեքը որոշեցին, անցյալ տարվա ծանր հիշողությունները փոխել։Ռմբակոծությունների ձայնի փոխարեն, այլևս մեր ազգը պիտի լսի իր հայրենի աստվածահաճո ու աստվածաշնորհ, մաքրամաքուր կենսակերպի արտահայտությունը, որի մեջ տեղավորված էր և՛ օրօրոցայինը, և՛ հաղթության երգը։ Ազգային ծանր իրավիճակում ենք գտնվում, այս իրավիճակից պետք է դուրս գանք միայն հոգևոր մշակութային, կենսական արտահայտություններով։ Այսօր մենք յուրովի մեր մեծերին՝ Նարեկացուն, Կոմիտասին հրավիրեցինք, որ մեզ այս իրավիճակից դուրս բերեն և մեկնաբանեն մեր հոգեվիճակը, որովհետև մենք չենք կարող մեկնաբանել մեզ հետ կատարվածը։

Անցած տարվա կատարվածը սաստիկ ցավերով հանդերձ, այսօր մեկնաբանվեց յուրովի։

Մեր հայրերի բազմադարյա հայրենապաշտպանության համար թափված արյանը միացավ մեր զավակների արյունը. լրացրեց այդ օղակը՝ պահելու համար այն ամենը, ինչ հիմա կա։ Ժամանակ առ ժամանակ աշխարհի չարության մեջ այս բուրաստան կյանքը վտանգի է ենթարկվում, թե՛ ներքին, թե՛ արտաքին թշամիների կողմից, և ուզենք թե չուզենք սերնդեսերունդ զոհողությունների գնով պետք է պահպանենք»,-ասաց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Քահանան ասում է հայրենիքին կյանքը տված մեր զավակները մեզ պատգամել են ապրել և հիմա էլ հրամայում են ապրել։ Ի խոնարհում մեր զոհերի անմահ հիշատակի, հնչեց Տերունական աղոթք։

Back to top button
Close