Նորություններ

Սպանություն Երեւանում. Բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների  օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա: Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի  հատակին հայտնաբերեցին  տղամարդու դի:

Կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:

Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․  Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա:

Back to top button
Close