Նորություններ

ՄԱԿ-ի ԳԱ. Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը որպես խաղաղ զարգացման նախապայման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում կարևորեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և ընդգծել, որ դրա արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով:

«Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է»,- իր ելույթում նշեց Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, պարզել են, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ:

«Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք», -ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Back to top button