Նորություններ

«Թուրք-ադրբեջանական տանդեմի մեծ հաշվով նպատակը «միջանցքին» հասնելն է»

«Դա թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում, եւ ցանկացած պատեհ առիթով իրենք այդ ուղղությամբ կգնան...»

«Թուրքիան և Ադրբեջանը միասնական են գործում, և մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ովքեր փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում ունենալով էթնիկ գործոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցություններ եղել են նաև նախկինում: 2008թ. Սերժ Սարգսյանը գործընթաց նախաձեռնեց, որը իհարկե և՛ քննադատությունների առիթ դարձավ, և՛ ողջունվեց: Այն ժամանակ Թուրքիան ղեկավարում էր շատ ավելի չափավոր հայացքներով աչքի ընկնող Աբդուլլահ Գյուլը: Ի վերջո դիվանագիտական հսկայական աշխատանքից հետո ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները, որը այդպես էլ չվավերացվեց Թուրքիայի կողմից, որովհետև Թուրքիան անմիջապես նախապայմաններ առաջ քաշեց:

թուրք-ադրբեջանական տանդեմ
Տաթեւիկ Հայրապետյան

Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով աչքի է ընկել շատ ավելի կոշտ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ և ուղղակի մասնակցություն և աջակցություն է ունեցել Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, կրկին խոսում է նախապայմանների լեզվով և առաջ է քաշում «միջանցքի» հարցը: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս շեշտում է, որ «միջանցքի հարց» չի քննարկելու, և դրանից հետո կրկին խոսվում է դրական ազդակների մասին, և այստեղ է, որ տրամաբանական շղթան ուղղակի կտրվում է»,- կարծիք հայտնեց Տաթևիկ Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ պատասխանատուները պետք է հայ հանրության համար հստակեցնեն, թե ինչ գործընթացի մասին է խոսքը և ինչ դրական ազդակների, որը հրապարակային չի երևում:

Հայ-թուրքական հարաբերություններն այս փուլում ունե՞ն կարգավորման հեռանկար, թե՞ ոչ: Վերջերս շատ է խոսվում խաղաղ դարաշրջանի բացման մասին, ինչպե՞ս եք դուք պատկերացնում դա:

Անդրադառնալով հարցադրմանը՝ Հայրապետյանը հայտարարեց.

«Այն, ինչ մենք ենք պատկերացնում խաղաղության ներքո և մեր խաղաղության հնարավոր դիտարկվող գործընկերները՝ հանձին Ադրբեջանի և Թուրքիայի, լիարժեքորեն հակադիր երևույթներ են:

Ադրբեջանն ունի խաղաղության իր պատկերացումը, և Ալիևն էլ վերջերս խոսեց «խաղաղության պայմանագիր» ասվածի մասին: Այն, ինչ իրենք են պատկերացնում, և եթե մենք այդ գնով ենք միանում խաղաղության, ապա դա պետականության և պետության գոյության ավարտի մասին է խոսում: Խաղաղությունը շատ թանկ բան է, և չեմ կարծում, որ որևէ մեկը կա, որ չուզենա հասնել խաղաղության կամ չուզենա խաղաղ երկրում ապրել, բայց դա ինչ-որ գին ունի, և մենք պետք է հասկանանք՝ ինչ գին ունի դա:

Եթե խաղաղությունը գործընկեր չունի, այսինքն՝ այն միակողմանի է, ապա խաղաղություն չի կարող կառուցվել անգամ ամենաանկեղծ ցանկությունների դեպքում:

Նախկինում Թուրքիան արցախյան հիմնահարցի չլուծվածությունը դնում էր որպես նախապայման: Եթե այս իրավիճակում, իրենց ընկալմամբ, լուծել են արցախյան հիմնահարցը, ապա թվում է, թե նոր նախապայմաններ չպետք է առաջ քաշեն, բայց գիտենք, որ այժմ հստակ դրված է որպես նախապայման «միջանցքի» խնդիրը: Դրված է տարածքային ամբողջականության խնդիրը, որի ներքո իրենք հասկանում են արցախյան հիմնահարցի վերջնական փակումը: Կան Թուրքիայի կողմից հստակ դրված խնդիրներ, որի իրագործման դեպքում, իրենց ընկալմամբ, այդ հարաբերությունները կարող են ունենալ հեռանկար»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար լարվածություն է ստեղծում, այդ սադրանքները ժամանակ առ ժամանակ Արցախ է տեղափոխում: Նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին է սադրանքների դիմում: Այստեղ Թուրքիայի դերակատարումը տեսնո՞ւմ եք:

Հարցին ի պատասխան՝ Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.

«Թուրքիան և Ադրբեջանը միասնական են գործում, և մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ովքեր փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում ունենալով էթնիկ գործոնը: Ադրբեջանի նպատակները մի քանիսն է, բայց մեծ հաշվով նպատակը «միջանցքին» հասնելն է:

Ես վստահ եմ, որ ցանկացած պատեհ առիթով իրենք այդ ուղղությամբ կգնան, և դա նաև Թուրքիայի շահերից է բխում»:

Անահիտ Չալիկյան

Back to top button