Նորություններ

Մենք գնացել, խնդրել ենք Ծառուկյանին, որ գործարանը բացի, բայց չի բացում, խաղող չի մթերում. Վահան Քերոբյան

Խաղողի մթերման հարցով անցած տարվանից զբաղվում եմ, որ այս տարի նորմալ մթերվի. Հիմա նորմալ չի մթերվում, բայց պատճառն էլ գիտեք. խոշոր մթերողներից մեկը՝ «Նոյ» կոնյակի գործարանը, այս տարի խաղող չի մթերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կառավարության դիմաց խաղաղագործների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Հիմա թե ինչու չի մթերում, դա հարցի մի կողմն է, մենք չենք կարող  պարտադրել, որ գա, մթերի: Իր սեփական գործարանն է, իր սեփական որոշումն է: Մենք գնացել, խնդրել ենք Ծառուկյանին, որ գործարանը բացի, բայց չի բացում:

Սովորաբար իրենք տարեկան 20-25 տոննա են մթերում, արդեն մոտավորապես 10 հազար տոննան տարբեր տեղեր տեղավորել ենք, մնացել է 10-15 հազարի հարցը»,-ասաց նախարարը:

Խաղաղագործները նշեցին, որ իրենց խնդրանքն է, որ օր առաջ մեծ ծավալներով մթերում իրականացվի, որովհետեւ խաղողը վազի վրա փչանում է, արդեն ցամաքել, չամիչ է դարձել:

Քերոբյանը տեղեկացրեց, որ իր տեղակալն այսօր այցելել է եւ Վայոց Ձորի մարզ, եւ Արմավիրի մարզ. «Խնդիրներ կային Արարատյան դաշտավայրում, չեմ ասում ամբողջությամբ, բայց համարյա լուծված են դրանք: Արմավիրի եւ Վայոց Ձորի վերաբերյալ էս երկու օրը առաջարկ կարվի, ամեն ինչ կանենք, որ ձեր խաղողը չմնա վազի վրա»:

Գյուղացիներից մեկն ասաց. «Խաղողն արդեն չորացել է. նախ ջուր չկար, որ ջրեինք, ՋՕ-ն ջուրը կտրել էր: Հիմա ի՞նչ անենք: Որ տանենք Պռոշյան, երկու օր էլ այնտեղ կկանգնանցնեն, կգան կասեն՝ հեչ է եղել, թթվել է խաղողը, 100 դրամով կհանձնե՞ս: Մեկ շաբաթ առաջ 115 դրամ էր: Էլ չեմ ասում, որ էս պիկ շրջանում Պռոշյանի գործարանը 3 օր խաղող չէր մթերում: Եթե էդպես է, սահմանը բացեք, թող վրացին գա մեր խաղողը տանի: Կամ հիմա կթողնե՞ն, որ մենք սահմանը անցնենք, խաղողը տանենք Վրաստան»:

Նախարարն էլ արձագանքեց, որ եթե այդպիսի խնդիր կա, ինքը կլուծի այդ հարցը;

Back to top button
Close