Նորություններ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և  քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական հսկողության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները:

Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ-երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերին, Համակարգող խորհրդի աշխատանքների պլանի կատարողականին վերաբերող և այլ բնույթի որոշումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռմանը միտված՝ ՀՀ դատական իրավունքում, ինչպես նաև օրենսդրական մակարդակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարված բարեփոխումները:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, և չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

«ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցների հետ կիսվել մեր փորձով»,-եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը:

Back to top button
Close