«Իրանի զորավարժությունները հարձակողական բնույթի են». Ա.Վարդանյան
«Իրանի զորավարժությունները կարող են նաև միտված լինել Հայաստանի սահմանի երկայնքով ադրբեջանական սադրիչ գործողությունները զսպելուն»
«Իրանի զորավարժությունները հարձակողական բնույթի են, և ուղերձը Ադրբեջանին է ուղղված, և այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ զորավարժություններին զուգահեռ ադրբեջանական պետության ներսում տեղի են ունենում որոշակի գործընթացներ՝ կապված թալիշական թեմայի հետ:
Թալիշներն ունեն իրանական ինքնություն, մաս են կազմում իրանական հանրույթի, և նրանց գործողությունները կարելի է դեպի Իրանին ուղղված ուղերձ համարել Ադրբեջանի ներսից:
Բացի այդ, այս զորավարժությունները կարող են պատասխան լինել Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան «Երեք եղբայրներ» խորագրով ակնհայտ սադրիչ բնույթի զորավարժություններին, ինչպես նաև դրանից առաջ կամ դրա ընթացքում Կասպից ծովում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններին:

Իմիջիայլոց, այդ զորավարժությունն Իրանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել. նույնիսկ իրանական կողմից հստակ արձագանք եղավ, քանի որ կար պայմանավորվածություն և հիմա էլ կա պայմանավորվածություն, որ Կասպից ծովում, բացի առափնյա երկրներից, այլ պետություններ իրավունք չունեն զորավարժություններ անցկացնելու, իսկ Թուրքիան Կասպից ծովի առափնյա երկիր չի համարվում: Սա է պատճառը, որ Իրանից բավական կոշտ արձագանք եղավ այս ամենին, և այդ իրադարձությանը հետևեցին իրանական այս զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, նաև Նախիջևանի հատվածում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նշենք, որ ըստ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի՝ առափնյա 5 երկրները համաձայնության են եկել առ այն, որ այդ 5 երկրներից բացի այլ երկրների ռազմական ներկայությունն անօրինական է:
Վարդանյանի խոսքով՝ քանի որ զորավարժությունները նաև Հայաստանի սահմանն էլ է ընդգրկում, եթե հայ-իրանական սահմանի հետ կապված վտանգներ լինեն, ապա այս զորավարժությունները կարող են կանխարգելիչ բնույթ հաղորդել:
«Իրանը Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվացման հետ կապված ունի լուրջ անհանգստություններ: Իրանին անհանգստացնում է նաև միջանցքի հարցը, որը առաջ է մղվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչը բացարձակապես չի բխում Իրանի շահերից, և այստեղ է, որ մեր և Իրանի շահերը համընկնում են:
Իրանի զորավարժությունները կարող են նաև միտված լինել սահմանի երկայնքով սադրիչ գործողությունները զսպելուն»,- նշեց Վարդանյանը:
Ահարոն Վարդանյանը, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններին, հայտարարեց.
«Իրանում դա ընկալում են որպես իրանական շահերին հարված, և նրանք կարծում են, որ այդ ամենի մեջ Թուրքիայի մատն է խառը:
Նախքան Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածը, իրանական բեռնատարների նկատմամբ նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև Ադրբեջանում, ադրբեջանական կողմը փակել էր Բիլեսուարի անցակետը, և որոշակի խնդիրներ էին ստեղծվել իրանական բեռնատարների համար:
Իրանը միտում է տեսնում, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում փակելով իրանական բեռնատարների ճանապարհը՝ Ադրբեջանը ուզում է արգելափակել իրանական տարանցիկ ուղին:
Գուցե այս հանգամանքը ևս նպաստել է նմանատիպ զորավարժություն անցկացնելու հարցում»:
Վարդանյանի կարծիքով՝ այս պահին իրանա-ադրբեջանական հարաբերությունները մի ուղղությամբ լարված են, մեկ այլ ուղղությամբ ունեն բավականին ջերմ հարաբերություններ:
«Ուրբաթօրյա աղոթապետը աղոթքի ժամանակ ասաց, որ Ադրբեջանը խաղում է «առյուծի պոչի» հետ, «առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Ադրբեջանը դա ընդունեց սուր կերպով, և ադրբեջանցի պատգամավորներից մեկը պատասխանելով ասել էր, որ եթե Իրանն առյուծ է և պոչ ունի, մենք կկտրենք այդ պոչը: Դրան իրանական կողմից շատ կտրուկ պատասխանեցին, և ներկայումս էլ շարունակվում են այդ պատասխանները իրանական կողմից ադրբեջանցիներին: Ադրբեջանի ներսում էլ կան որոշակի անհանգստություններ, նրանք գիտեն, որ չպետք է Իրանի հետ նման տոնով խոսել, քանի որ հետագայում դժվար կլինի դրա տակից դուրս գալը»,- ընդգծեց Վարդանյանը:
Իրանագետի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին պայթյունավտանգ է, բազմաթիվ խնդիրներ կան: Տարածաշրջանում առնվազն մի քանի տարածաշրջանային տերություններ ունեն ներկայություն իրենց շահերով հանդերձ, և այս ամենը չի կարող տարածաշրջանը պահել հանգիստ վիճակի մեջ:
Անահիտ Չալիկյան