Նորություններ

Գյումրիում Արցախյան պատերազմի մասնակից 58 զինծառայողներ պարգևատրվել են

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Գյումրու քաղաքապետարանի կողմից արցախյան պատերազմի մասնակից 58 զինծառայողներ պարգևատրվել են

Գյումրու քաղաքապետարանում արցախյան  պատերազմի մասնակից  58 զինծառայողներ պարգևատրվել են: Այդ մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:

Նախքան պարգևատրումը ներկաները մեկ րոպե  լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակը:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում նշեց. «Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»:

Գյումրու քաղաքապետարանի կողմից պատերազմին մասնակցած 58 զինծառայողները ստացան հուշանվերներ ու պատվոգրեր:

Զինծառայողներից շատերը չցանկացան խոսել պատերազմում տեսածի, լսածի, ապրումների մասին, փոխարենը նրանց  մաղթանքը մեկն էր անկախության տոնին. մեր երկրին թող խաղաղություն լինի, հիմա դա առավել քան երբևէ կարևոր է:

Էդուարդ Մազմանյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Պատերազմի օրերին Էդուարդը  կռվել է Մատաղիս-Թալիշ ուղղություններով:

Էդուարդը զորացրվել է, հետզհետե հաղթահարում է հետպատերազմական շոկը:

Նրա խոսքերով՝ պատերազմի հիշողությունները թարմ են, բայց ինքը առաջ է նայում, ապրել է պետք:

«Պատերազմի ժամանակ դժվար էր տեսնել այդ ամենը և համակերպվելը, որ կարող էիր զոհվել, գերի ընկնել և այլն: Պատերազմից ամենաշատը կուզեի ընկերներիս  կորուստը  չլիներ»,-նշեց Էդուարդը:

«Կյանքը շարունակվում է… ճիշտ է, քաղաքս առաջվա գույները չունի, մարդկանց դեմքին առաջվա ժպիտը չկա, բայց զգում եմ, որ կամաց-կամաց վերականգնվում է ամեն ինչ, դա ինձ ուժ է տալիս: Հետպատերազմական  շոկը հաղթահարում եմ կամաց-կամաց… ես համակերպվել եմ և ընդունում եմ, որ դա իմ ապրած կյանքն է:

Կյանքիս ամենատպավորիչ օրը՝ հոկտեմբերի 2-ն է, էդ  օրը մեր երկրորդ ծննդյան օրն էր…»,- եզրափակեց արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ Մազմանյանը: 58 զինծառայողներ 58 զինծառայողներ 58 զինծառայողներ 58 զինծառայողներ

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close