ՄիջազգայինՆորություններ

Կոսովոյում իրավիճակը սրվել է. Սերբիան կդիմի ՆԱՏՕ-ին

Նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, թե չէր ցանկանա, որ Սերբիան ստիպված լինի պատասխան քայլեր ձեռնարկել Պրիշտինայի դեմ

Սերբիան կոչ է անելու ՆԱՏՕ-ին և դաշինքի հովանու ներքո գտնվող KFOR-ի միջազգային զորախմբին`պաշտպանել Կոսովոյի սերբերի կյանքը և ունեցվածքը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սերբերը, որոնք կոմպակտ ապրում են Կոսովոյի հյուսիսում, երկուշաբթի խաղաղ բողոքի ակցիա են սկսել «Յարինե» անցակետի մոտ, որը գտնվում է Պրիշտինայից Բելգրադ տանող ճանապարհին: Այնտեղ, ինչպես նաև «Բրնյակ» անցակետում՝ Կոսովսկա Միտրովիցայից դեպի Նովի Պազար տանող ճանապարհին, և Կոսովոյի հյուսիսում գտնվող երկու այլ անցակետում տեղակայված են ROSU-ի՝ Կոսովոյի ներքին գործերի նախարարության ստորաբաժանման մարտիկները:

Սերբիայի ղեկավարի խոսքով՝ Կոսովոյի 350 հատուկ ջոկատայինները՝ 20 զրահամեքենաներով ու դիպուկահարներով, մտել են շրջանի հյուսիս:

Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքված քաղաքացիների դեմ «Բրնյակ» անցակետում. ցուցարարները նահանջել են մի քանի տասնյակ մետր, սակայն հայտարարել են, որ չեն ցրվելու: Հաղորդվում է նաեւ, որ արցունքաբեր գազ է կիրառվել նաեւ «Յարինե» անցակետում, որտեղ սերբերը նույնպես հրաժարվում են ցրվել:

«Եթե Կոսովոյի սերբերի վրա հարձակումները չդադարեն, մենք կոչ ենք անելու KFOR-ին և ՆԱՏՕ-ին` գործել իրենց լիազորություններին համապատասխան և պաշտպանել Կոսովոյի և Մետոխիայի սերբ բնակչության կյանքն ու ունեցվածքը»,-ասել է Ալեքսանդր Վուչիչը  քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում:

Նա հիշեցրել է, որ երեքշաբթի նախատեսված է Սերբիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև իր հանդիպումները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանների հետ: Նախագահը նշել է, թե չէր ցանկանա, որ Սերբիան ստիպված լինի պատասխան քայլեր ձեռնարկել Պրիշտինայի դեմ:

«Եթե մենք ձեռնարկեինք մեր քաղաքական և տնտեսական միջոցառումները, դա լավ չի լինի ամբողջ տարածաշրջանի համար»,-ընդգծել է նա:

Վուչիչը նաեւ նշել է, որ այժմ իմաստ չի տեսնում ԵՄ հովանու ներքո շարունակել երկխոսությունը կոսովոալբանական իշխանությունների հետ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները:

Կոսովոյի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է, որ սերբական պետհամարանիշներով մեքենաներն այլևս չեն կարողանա մտնել Կոսովո, իսկ մուտքի մոտ պետք է տեղադրեն Կոսովոյի ժամանակավոր համարանիշեր: Դա ոչ միայն բարոյական բողոք է առաջացնում սերբերի շրջանում, այլև նրանց ստիպում է գումար ծախսել ժամանակավոր գրանցման եւ տեղադրման համար:

Back to top button
Close