ՄիջազգայինՆորություններ

Ահաբեկիչների հարձակման պատճառով Հնդկաստանն անջատել է կապը Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում

Այժմ Ջամմու և Քաշմիր տարածաշրջանը վեճի առարկա է Հնդկաստանի ու Պակիստանի միջև

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում կապի և ինտերնետի ծառայությունները անջատվել են ահաբեկչական խմբավորման ներթափանցման պատճառով:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչներին:

Ըստ հեռուստաալիքի՝ ներթափանցման փորձը հայտնաբերվել է շաբաթ ուշ երեկոյան:

«Ըստ Դելիի կառավարական աղբյուրների, մոտ 6 հոգուց բաղկացած խմբին հաջողվել է ներթափանցել Պակիստանից: Ըստ աղբյուրների՝ ներթափանցման փորձի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զինվոր է վիրավորվել»,-հայտնում է հեռուստաալիքը:

Հակաահաբեկչական գործողությունն ընթանում է ավելի քան 30 ժամ, մեծ տարածք է շրջափակված, ներգրավվել են լրացուցիչ ուժեր: Սահմանախախտներին հայտնաբերելու գործողությունը շարունակվում է, և տեղում հստակ իրավիճակը դեռ պարզ չէ:

Այն բանից հետո, երբ բրիտանական Հնդկաստանի մահմեդական շրջաններից ձեւավորվեց Պակիստան առանձին պետությունը, Ջամմու և Քաշմիր շրջանը դարձավ հնդկական միակ նահանգը, որտեղ մահմեդականները մեծամասնություն էին: Կան ակտիվ անջատողականներ, որոնց աջակցության համար Նյու Դելին մեղադրում է Պակիստանի իշխանություններին: Իսլամաբադը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար:

Այժմ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի ու Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում տարածաշրջանի նկատմամբ:

Back to top button
Close