Նորություններ

«Իրանը մեծ գործիքակազմ ունի Ադրբեջանի վրա ներազդելու համար». Գ. Միսակյան

Իրանը մեծ գործիքակազմ ունի Ադրբեջանի վրա ներազդելու համար, իսկ Բաքուն կարծում եմ, որ դա քաջ գիտակցում է և չի համարձակվի Իրանի հետ գնալ լարվածության, կարծում է փորձագետը:

«Իրանը մեծ գործիքակազմ ունի Ադրբեջանի վրա ներազդելու համար, իսկ Բաքուն կարծում եմ, որ դա քաջ գիտակցում է և չի համարձակվի Իրանի հետ գնալ լարվածության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական կողմն իր գործողություններով նախ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, տնտեսական առումով թուլացնում է Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը:

Միջազգային տարանցման ուղիների խափանման միջոցով լրջորեն խաթարում է հայ-իրանական առևտրա-տնտեսական հարաբերությունների բնականոն զարգացումը, ինչպես նաև թուլացնում է հայ-իրանական սահմանի կարևորությունը:

Եթե մենք չփորձենք լուծել ճանապարհի խնդիրը, ապա Ադրբեջանի այդ նպատակներն իրականություն է դառնալու: Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է այս խնդրի վերաբերյալ, խոսվել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Իրանի դեսպանի հանդիպման ժամանակ, ինչպես նաև Հիքմեթ Հաջիևի և դեսպան Մուսավիի հանդիպման  ժամանակ:

Դա ցույց է տալիս, որ խնդիրը բավականին լուրջ է, եթե հայկական և իրանական կողմը ուզում են խնդիրը լուծել, ադրբեջանական կողմը ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակն ապակայունանա»,-նշեց իրանագետը:

Իրանը
Գարիկ Միսակյան

Միսակյանի կարծիքով՝ արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, և լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են ընթանում, մենք պետք է փորձենք մեր տեղն առավելագույնս գտնել այդ վերադասավորումներում և թույլ չտալ, օրինակ, Սյունիքի հատվածում աշխարհաքաղաքական դիրքի թուլացում, ինչը ադրբեջանական վարչակարգի հիմնական նպատակներից մեկն է:

Միսակյանն այն կարծիքին է, որ պետք է հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները հնարավորինս արագ լուծել, որովհետև կյանքը ցույց  է տալիս, որ որքան ձգձգվում են այդ խնդիրների լուծումները, ադրբեջանական կողմը գնալով ավելի լկտի է դառնում իր գործողություններում:

«Մենք տեսանք բազմաթիվ տեսանյութեր, երեխաների ավտոբուսն էին կանգնեցրել: Այս խնդիրները բարդ են և լրջագույն լուծումների  կարիք ունի»,- նշեց Միսակյանը:

Իրանը զորավարժություններ է անցկացնում, և  այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։ Եթե իրանա-ադրբեջանական սահմանային լարվածությունը մեծանա, արդյո՞ք Իրանը կօգտագործի թալիշների գործոնը:

Հարցադրմանն ի  պատասխան՝ Գարիկ Միսակյանը հայտարարեց.

«Թեպետ պաշտոնապես դեռևս Իրանը չի հաստատել զորավարժությունների մասին, բայց սոցցանցերի և մամուլի  հայտարարությունների  համաձայն՝ զորավարժություններն ընդգրկելու են Իրանի ամբողջ սահմանային հատվածը և թալիշաբնակ հատվածները, մինչև Արցախից բռնազավթված հատվածներ, և նաև որոշ զինտեխնիկա է տեղափոխել Նախիջևանի հետ իրանական սահմանին:

Այս զորավարժությունը 2 նպատակ է հետապնդում Իրանի կողմից: Իրանը փորձում է ցույց տալ, որ ամբողջությամբ  վերահսկում է իր հյուսիսային սահմանները, և երկրորդ՝ սա ուղերձ է թուրք-ադրբեջանական տանդեմին, ովքեր վերջին շրջանում բազմաթիվ անգամ են անցկացրել զորավարժություններ:

Իրանում բավականին լուրջ անհանգստություններ կային Կասպից ծովում զորավարժությունների հետ կապված, և կարծում եմ, որ այս զորավարժությունն Իրանի պատասխանն է լինելու այդ զորավարժությանը»,-ընդգծեց Միսակյանը:

Իրանագետը քիչ հավանական է համարում, որ իրանա-ադրբեջանական առկա լարվածությունը  կմեծանա, որովհետև Ադրբեջանն այն պետությունը չէ, որ Իրանի հետ գնա բախման:

«Ադրբեջանն  իր հնարավորություններով բավականին թույլ է Իրանի հետ  զինված բախման գնալու համար, և կարծում եմ, որ  իրավիճակի լարման չի գնա:

Իսկ եթե,  այնուամենայնիվ, իրանա-ադրբեջանական լուրջ լարվածություն լինի, ապա Իրանն անշուշտ կօգտագործի և թալիշների գործոնը, շիաներին, որոնք ավելի ռադիկալ են և դեմ են Ալիևի վարչակարգին:

Իրանը մեծ գործիքակազմ ունի Ադրբեջանի վրա ներազդելու համար, իսկ Բաքուն կարծում եմ, որ դա քաջ գիտակցում է և չի համարձակվի Իրանի հետ գնալ լարվածության»,-եզրափակեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close