Նորություններ

«Թուրքիան հետ չի կանգնի և փորձելու է հասնել իր նպատակներին». թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան հետ չի կանգնի իր ցանկություններից և ճնշումը ուժեղացնելով՝ փորձելու է հասնել իր նպատակներին:

«Էրդողանի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ պաշտոնապես ձևակերպած նախապայման էր պարունակում, և դրանով Թուրքիան Հայաստանից պահանջում է, որպեսզի համաձայնվի, իրենց ասելով, «Զանգեզուրի միջանցքի» հետ: Այսինքն՝ այն նախապայմանները, որը Թուրքիան դնում է Հայաստանի առջև, պահպանում է, Հայաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելով՝ փորձում է նոր նախապայմաններ առաջարկել:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այն է, որ դա միջանցք չի լինելու, իսկ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք պահանջում են միջանցք:

Այնպես որ, Էրդողանի այդ հայտարարությունը տեղավորվում է Թուրքիայի քաղաքականության տրամաբանության մեջ, որը որդեգրել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից միամտություն կլինի առանձնապես ակնկալիքներ ունենալը:

Ռուբեն Սաֆրաստյան

«Ես դրական սպասելիքներ չունեմ, որովհետև թուրքերի հետ համաձայնության գալը շատ դժվար է: Հենց փորձես մի փոքր ընդառաջ գնալ նրանց պահանջներին, նրանք ավելին կպահանջեն: Իմ կարծիքով՝ այդ հանդիպումը որևէ արդյունք չի տա, որովհետև Թուրքիայի հռետորաբանությունն արցախյան վերջին պատերազմից հետո ավելի է կոշտացել և դարձել է հակահայկական:

Ժամանակ առ ժամանակ Էրդողանի արած հայտարարությունները Թուրքիայի ընդհանուր ռազմավարական գծից են բխում: Նրանց ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ հետևյալն է՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա և պոկել հնարավորինս շատ»,- հայտարարեց Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ թուրքական դիվանագիտությունը հիմնվում է թուրքական մտածելակերպի վրա, այսինքն՝ եթե ինչ-որ մի բան նրանց հաջողվում է պոկել, նրանք ոչ թե դրանով սահմանափակվում են, այլ աշխատում են ավելի շատ բան ստանալ:

«Ուզում են ինչ-որ հայ-թուրքական հարաբերություններ կարգավորել, բայց նման հռետորաբանությամբ չեմ կարծում, որ որևէ արդյունք կլինի: Թուրքիան հետ չի կանգնի իր ցանկություններից և ճնշումը ուժեղացնելով՝ փորձելու է հասնել իր նպատակներին»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Էրդողանը ինչո՞ւ հիմա բարձրաձայնեց Փաշինյանի առաջարկի մասին, ի՞նչ է դրանով փորձում ակնարկել: Հայաստանի իշխանությունները ինչ-որ բան են թաքցնո՞ւմ:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Սաֆրաստյանը հայտարարեց.

«Չեմ կարող ասել՝ ինչ-որ բան իշխանությունը թաքցնում է, թե չէ. դա իրենք կիմանան, բայց Էրդողանի այս հայտարարությունը Թուրքիայի վարած քաղաքականության շարունակությունն է: Չեմ բացառում, որ Թուրքիան Հայաստանի առաջ նոր պահանջներ կդնի»,-եզրափակեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close