Նորություններ

Քասախցիները անցել են ռուսական պոստը ու հաջորդ պոստ չեն հասել. Գորիսի փոխքաղաքապետ

Քասախի երկու բնակիչ երեկ գիշեր անհետացել են Գորիս Կապան ճանապարհին, անցել են ռուսական պոստը, որից հետո գալիս է ադրբեջանական պոստը, բայց հաջորդ պոստ էլ չեն հասել, անհետացել են:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ երեկ Քասախի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Գորիսի փոխքաղաքապետի տվյալներով՝ Քասախի բնակիչները հատել են ռուսական պոստը, սակայն հաջորդ պոստ այլևս չեն հասել, անհետացել են.

«Երեկ գիշեր մեր հայրենակիցներն են անհետացել Գորիս-Որոտան ճանապարհին, հայտնվել են ադրբեջանական կողմում: Ճանապարհի մի հատվածում ռուս խաղաղապահների պոստն է, այդ պոստն անցել են, հետո հաջորդը ադրբեջանական պոստն է, էլ հաջորդ պոստ չեն անցել, անհետացել են: Այդտեղ հատված չկա, որ շեղվեն, ճանապարհն ուղիղ գնում է: Ես չգիտեմ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է՝ շեղվել են, մտել հակառակորդի տարածք, այդ ճանապարհն անմիջապես հակառակորդի տարածքով էլ գնում է, շեղվելու տարբերակ չկա»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը:

Նրա հաղորդմամբ՝ «ադրբեջանցիների այլանդակությունները և կոպտությունները շատանում են», մասնավորապես՝ երեկ ադրբեջանցին Գորիս-Կապան ավտոճանապարհին ոտքով հարվածել է հայկական համարանիշով մեքենային, այնուհետև անտենայով հարվածել է հայ վարորդին.

«Ադրբեջանցին ոտքով հարվածել է մեքենային, երբ հայ վարորդն ասել է՝ ի՞նչ ես անում, ռացիայի անտենայով խփել է վարորդին, ասել՝ ձայնդ կտրիր»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շարունակում են իրանցի բեռնատարներ կանգնեցնել, գումար պահանջել, սակայն բեռնատարների կուտակումները նվազել են:

 

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button