Նորություններ

Գյումրին և՛ ավանդապահ է, և՛ ժամանակակից, և՛ մերժող է, և՛ ընդունող. այ էս հակասությունների մեջ է սիրուն»

ՀՀ վաստակավոր արտիստն ասում է՝ չնայած դժվարություններին, Գյումրին պահել է իր դիմագիծն ու հպարտ կեցվածքը:

«Գյումրին առանձնահատուկ քաղաք է, որովհետև ունի շեշտված բնավորություն, որ սիրեց՝ կսիրի, որ մերժեց՝ կմերժի, որ ընդունեց՝ կընդունի մինչև վերջ: Ես աչքս բացել ու էս քաղաքն եմ տեսել, ես էս քաղաքը սիրում եմ ու էս քաղաքից անբաժան եմ: Ինձ առաջարկություններ են եղել աշխատել Երևանում, բայց ես չկարողացա լքել Գյումրին, որովհետև Գյումրու ամեն ինչի հետ ես կապված եմ:

Գյումրին և՛ ավանդապահ է, և՛ ժամանակակից, և՛ մերժող է, և՛ ընդունող. այ էս հակասությունների մեջ է քաղաքը սիրուն:

Շիրակի հողը արգասաբեր է, էս  հողի արգանդը բեղուն է՝ միշտ տաղանդավոր մարդիկ են ծնվում, ծնվում ու էլի ծնվում:

Ամեն տեղ ստեղծագործություն է. տանը, հարսանիքի, կնունքի ժամանակ մարդիկ ստեղծագործում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գյումրեցիները թասիբով են և ավանդապաշտ, թերևս այդ ավանդույթներն են մեզ ամուր կապել այս հողին: Գյումրու էներգետիկ դաշտը հզոր է, և հնարավոր չէ այդ էներգետիկ դաշտը թողնել ու հենց այնպես հեռանալ:

Վերջերս շատ եմ շփվում հետ վերադարձածների հետ, իրենք արտասուքով են մոտենում ամեն քարին ու թփին, օրեցօր գեղեցկացող քաղաքին: Գյումրին շատ է կոկիկ դարձել, ես շատ եմ ուրախանում»,-ասում է արվեստագետը:

Հովհաննես Հովհաննիսյանի համար քաղաքի ամեն անկյունը հոգեհարազատ և սրտամոտ է, սիրում է այն ամեն անկյունը, որտեղ իր հիշողություններն են:

«Ինձ համար Գյումրու յուրաքանչյուր անկյուն հիշողություն ունի, 15 փողոցը, որտեղ ես ապրում եմ, ինձ համար թանկ փողոց է, իմ մանկությունն է անցել այդ փողոցում: Հիմա որտեղ իմ թատրոնն է, այդ փողոցն էլ է ինձ համար թանկ, և ես խնամքով ու խանդով եմ վերաբերվում: Եթե դու Գյումրիում բեմ ես բարձրանում, ապա դա մաքսիմալ պատասխանատվություն է ենթադրում, որովհետև գյումրեցի հանդիսատեսը եթե քեզ մերժեց, ուրեմն մինչև վերջ կմերժի: Ես ամեն ներկայացումից հետո շնչակտուր սպասում եմ մինչև վարագույրը փակվի, որպեսզի հասկանամ՝ ինչ արձագանք կտա հանդիսատեսը ներկայացմանը, կընդունի՞, թե՞ չի ընդունի»:

ՀՀ վաստակավոր արտիստն ասում է՝ չնայած դժվարություններին, Գյումրին պահել է  իր դիմագիծն ու հպարտ կեցվածքը:

«Գյումրեցին ապրեց, դիմակայեց դժվարություններին, հպարտորեն դուրս եկավ այդ ամենից: Տխուր են, վիշտ ունեն, ցավ կա, բայց գյումրեցու մեջքը ամուր է, հպարտ է, թեկուզ աղքատ էլ լինի, ծնկել չգիտի»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close