Գործարար կանայքՆորություններ

Փոքրիկ Լառան չէր էլ կարող երազել, որ տարիներ անց սեփական հարսանեկան զգեստը ինքն է կարելու

Լառան մի փոքր թարմացած է ուզում տեսնել սիրելի քաղաքը. եթե յուրաքանչյուրն իր նման գնա ընդառաջ երազանքներին, կփոխի իր միջավայրը, քաղաքը, երկիրը, գույն կավելացնի

Փոքր հասակում Լառան չէր էլ կարող երազել, որ սեփական հարսանեկան զգեստը հենց ինքն է մոդելավորելու և կարելու: Ինչպես իր ստեղծած բոլոր զգեստները, իր զգեստն էլ ինքնատիպ ու շքեղ է:

Լառա Սիմոնյանը 𝙇𝙖𝙧𝙖’𝙨 𝘼𝙩𝙚𝙡𝙞𝙚𝙧 նորաձևության սրահի հիմնադիրն է: Մասնագիտությամբ մոդելավորող է: Չնայած երիտասարդ տարիքին՝ բարդ գործերից երբեք չի խուսափել: Սովորել և աշխատել է Երևանում, տարբեր նորաձևության սրահներում:

Հետո մտածել է, որ չկա Վանաձորում նորաձևության կենտրոն, որն իր ուրույն ձեռագիրը կունենա, մասնագիտացված կլինի հարսանեկան և երեկոյան զգեստների պատրաստմամբ:

Կենտրոնը հիմնադրեց 2018 թվականին: Սկիզբը բարդ էր, անդադար ներդրումներ ու ջանքեր… Գիշեր ու զոր մաշեցնող աշխատանք: Արդյունքը միայն հիմա՝ գործունեության չորրորդ տարում է զգում Լառան: Գոհ է:

Այս ընթացքում բազմաթիվ նախատինքներ է լսել՝ քեզ պե՞տք է այդքան աշխատել: Կամուսնանաս կգնաս…

«Հիմա վերջապես ամուսնանում, գնում եմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ժպտալով պատմում է Լառան:

Նա շնորհակալ է մայրիկից: Հենց մայրն է եղել իրեն թիկունքից առաջ մղողը, իր խենթ երազանքներին հավատացողը…

Հիմա էլ աշխատում է առանց հանգստի: Լավագույն դեպքում մեկ օր պահանջվի հոգնածությունը հաղթահարելու համար:

Ամենակարևոր գնահատականն իր համար այն է, որ հաճախորդը հայելու առաջ կանգնած ժպտա, հավանի այն զգեստը, որը կենտրոնում են ստեղծում՝ թիմային և որակյալ աշխատանքի արդյունքում:

Եթե պատերազմից առաջ երբեմն մտածել է կարիերան այլ տեղ շարունակելու մասին, հիմա ճիշտ հակառակը: Պատերազմը, ծանր կորուստները փոխեցին Լառայի պլանները:

Ունի երազանքներ՝ կապված հայրենիքի հետ՝ ունենալ ստեղծող, այլ ոչ թե սպառող հասարակություն:

Երազում է նաև հավաքածու ունենալու մասին: Հիմա է, որ ավելի շատ է մտածում այդ մասին: Ասում է՝ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Պահը՝ անձնական հավաքածու ստեղծելու, միայն նոր է հասունացել:

Լառան մի փոքր թարմացած է ուզում տեսնել սիրելի քաղաքը: Եթե յուրաքանչյուրն իր նման գնա ընդառաջ երազանքներին, կփոխի իր միջավայրը, քաղաքը, երկիրը, գույն կավելացնի… Իր ավելացրած գույնը հարսանեկան զգեստի ձյունաճերմակ սպիտակն է…

Back to top button
Close