ՆորություններՔո ձայնը

Զինված ու դիմակավորված ադրբեջանական ծառայողները ստուգել են երեխաների հեռախոսները

Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարձակ պահվածք:

Միշտ լինելու ենք անորոշության մեջ: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:

Այս տեսանյութում զինված ու դիմակավորված ադրբեջանական ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս:

Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան:

Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:

Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:

Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ:

Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»,-գրել է Թաթոյանը:

Back to top button
Close