Նորություններ

«Սա սողացող պատերազմ է՝ դիրք առ դիրք առաջ գալով». Ն. Զոհրաբյան

Ըստ Զոհրաբյանի՝ սա սողացող պատերազմ է, այսինքն՝ հիմա ոչ թե Բայրաքթարով, այլ դիրք առ դիրք առաջ գալով՝ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել պատերազմը, այս անգամ արդեն Հայաստանի ինքնիշխան, սուվերեն տարածքի հաշվին

«Սա ես կանվանեի սողացող պատերազմ , այսինքն՝ հիմա ոչ թե Բայրաքթարով, այլ դիրք առ դիրք առաջ գալով՝ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել պատերազմը, այս անգամ արդեն Հայաստանի ինքնիշխան, սուվերեն տարածքի հաշվին:

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանը, ոստիկանական  անցակետ դնելով, ուղղակի հարվածելու է Հայաստանի տնտեսությանը: Խախտվում է նաև ՀՀ քաղաքացիների իրավունքը, որովհետև այդտեղով հիմնականում անցնում են քաղաքացիական անձանց մեքենաներ, իսկ ադրբեջանական տեսախցիկներն ամբողջ անցուդարձը, մարդկանց դեմքերը նկարում են:

Եվ վաղը մենք որևէ երաշխիք չունենք, որ չեն պատանդառի մարդկանց, գումարներ չեն գանձի ՀՀ քաղաքացիների մեքենաներից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը, անդրադառնալով այն կարծիքներին, որ Հայաստանը պետք է վաղուց ալտերնատիվ կոմունիկացիա կառուցեր, որպեսզի Հայաստանի և Իրանի, Արցախի և Իրանի միջև բեռնափոխադրումները, Հայաստանի ներքին բեռնափոխադրումները և քաղաքացիների տեղաշարժը կախված չլինի Ադրբեջանի այս կամ այն տեսակի վերահսկողությունից, հայտարարեց.

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Այո, մենք միշտ պետք է ունենանք այլընտրանքային ճանապարհ, բայց դա չի նշանակում, որ քո հիմնական մագիստրալը, քո հիմնական ստրատեգիական ճանապարհը պիտի  լինի ճանապարհի ինչ-որ մի հատված, մոտ 20 կմ պիտի լինի ադրբեջանական վերահսկողության ներքո, որովհետև այդպես է ուզում Ադրբեջանը»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններին հայկական կողմից չկա արձագանք, այլ տեսնում ենք ստեղծված իրավիճակին հարմարվելու պատրաստակամություն, որը հասկանալի չէ:

«Ես չգիտեմ ինչ այլ պայմանավորվածություններ կան, որը կաշկանդում է Հայաստանի իշխանություններին, բայց որ կան պայմանավորվածություններ, ակնհայտ է»,- ընդգծեց Զոհրաբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, հայտարարեց, որ  2020թ. դեկտեմբերին իրականացրել են ՀՀ զինված ուժերի դիրքերը ՀՀ Խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացը իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար:

Նաիրա Զոհրաբյանը այսպես է մեկնաբանում վարչապետի հայտարարությունները:

«Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունը ինչո՞ւ է Ալիևի սիրած 1974թ. քարտեզը հիմք ընդունում Հայաստանի տարածքները վերաձևակերպելու համար: Ինչո՞ւ է անընդհատ հղում անում 2010թ. ինչ-որ օրենքի, երբ իրականում «վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է 1995թ.-ին, իսկ 2010թ.-ին կատարվել է այդ օրենքում լրացում, որը վերաբերում է բացառապես Հայաստանի վարչական միավորների միջև սահմանների կարգավորմանը: Այն չի կարող համարվել միջպետական, ավելին՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ նշված է, որ Ադրբեջանը իրեն չի համարում խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ: Այսինքն՝ Ադրբեջանը իրեն չի համարում խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, բայց 1974թ. խորհրդային քարտեզով վերաձևում է Հայաստանի սահմանները, և Հայաստանի իշխանությունները Որոտանի այդ հատվածը անվանում են Էյվազլի այն դեպքում, երբ  անգամ ադրբեջանական կայքը տեղադրել էր Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը, որտեղ նշված է Որոտան»,- հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:

«Ես ինքս կողմնակից եմ խաղաղության օրակարգի, որովհետև ի վերջո ոչ մենք ենք այս տարածաշրջանից գնալու, ոչ իրենք: Ինչ-որ մի  պահի երկխոսությունը պիտի լինի, բայց արդյո՞ք կարելի  է երկխոսել մի երկրի հետ, որը ամեն րոպե, ամեն ժամ սպառնում է պատերազմով եւ սողացող պատերազմ է ծավալել:

Թուրքիայի արտգործնախարարը հեգնում է՝ ասելով, որ Հայաստանից դրական ազդակներ կան, և եթե շարունակեն իրենց խելոք պահել, մենք կքննարկենք, բայց միևնույնն է, մենք մեր խնդիրը պետք է լուծենք:

Ալիևը, նշելով հայկական տեղանունների ադրբեջանական տրանսֆորմացիաները, հայտարարում է, որ ադրբեջանական տարածքներ են, և վաղ թե ուշ լինելու ենք մեր տարածքում: Այսինքն՝ խոսել ում հետ՝ մեկի հետ, որ ասում է քեզ կպարտադրեմ միայն այն ժամանակ, երբ իմ քարտեզով իմ տարածքները կվերանվաճեմ: Դրա անունը չի  կարող  լինել խաղաղություն, դա նշանակում է ցանկացած պայմանով համաձայնել վերջնական և անդառնալի կապիտուլյացիայի»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close