Նորություններ

Ովքե՞ր են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուները

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի ավագանու 290 թեկնածու, ավելի քան 90-ը՝ կանայք

Հոկտեմբերի 17-ին Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի ավագանու 290 թեկնածու, ավելի քան 90-ը՝ կանայք։ Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, առաջադրված 10 քաղաքական ուժերի բոլոր թեկնածուներին Գյումրիի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է։ Ամենամեծ թվով՝ 42 թեկնածու ունի «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը։ Նախորդ՝ 2016թ. ընտրություններից հետո դաշինքի անվանման մեջ սոցիալական բառն է ավելացել։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի առաջադրվել, ավելին, նրա ազգանվամբ թեկնածու դաշինքում չկա։

Գյումրիի ՏԻՄ
Վարդգես Սամսոնյան

Դաշինքը գլխավորում է քաղաքապետարանի ենթակայության «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Ցուցակի 2-րդ համարը քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է, 3-րդը՝ գործող ավագանու անդամ, քաղաքապետի մյուս տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրը՝ Լուսինե Սանոյանը։

Առաջադրված քաղաքական ուժերից ամենաքիչ թվով թեկնածու ունեն «Գյումրին կռնա» դաշինքն ու Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Կոմկուսն, ի դեպ, վերջին տարիներին ՏԻՄ ընտրություններին չէր մասնակցում։ Հիմա ընտրական գործընթացին ընդգրկվելը ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը բացատրում է այսպես. իրենք այլևս չեն կարող հանգիստ նստել ու սպասել՝ տեսնելով գյումրեցիների վատ ապրելակերպը։

Գյումրիի ՏԻՄ
Կոնստանտին Ղավազյան

Կոնստանտին Ղավազյանն, ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում է աշխատում, վստահ ասում է, որ իրենք առաջադրված բոլոր ուժերին այլընտրանք են, քանի որ աջակողմյան թեքում ունեն, այսինքն՝ ոչ թե կապիտալիստական, այլ սոցիալիստական ուղղվածության են։ Կոմունիստների թեկնածուների ցուցակում ընդգրկված են ոչ միայն հին կուսակցականներ, նաև քաղաքական անցյալ չունեցող մարդիկ՝ ազատամարտիկներ, մանկավարժներ, իրավաբան, գործազուրկներ։ Առաջադրվածների 35 տոկոսը տարեցներ են, այդ թվում, այս ընտրապայքարի ամենատարեց՝ 81-ամյա թեկնածուն։

Իսկ «Գյումրին կռնա» դաշինքը, որում միավորվել են «Հայք» և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունները, հիմնականում երիտասարդ թեկնածուներով է ընտրապայքարի դուրս եկել, նրանց թվում են մտավորականներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, քաղաքականության մեջ նոր դեմքեր։

Գյումրիի ՏԻՄ
Վարդան Սրտաշյան

Դաշինքը գլխավորում է Վարդան Սրտաշյանը, ով քաղաքի հյուրանոցներից մեկի տնօրենն է։ Ասում է, որ իրենք ընտրապայքարի մեջ են մտնում «Գյումրի 2030» ծրագրով, որում մշակել են քաղաքի 10 բարձունք հասնելու ճանապարհը՝ առողջապահությունից մինչև կրթություն։ Մտադիր են հաղթելու դեպքում կառավարման նոր մոդել ստեղծել քաղաքում։ 2-րդ համարը՝ գործարար, Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է, 3-րդը՝ Գյումրիի իրական դպրոցի համակարգող Վարդուհի Բալոյանը։

41 թեկնածուով Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Զարթոնք» Ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ բժիշկ, ուսուցիչ, ՀԿ-ի հիմնադիր, հիմնականում Գյումրիի խնդիրներին լավատեղյակ մարդիկ. ավագանու թեկնածուների իրենց ցուցակում ընդգրկված անձանց այսպիսի բնորոշում տվեց կուսակցության լրատվության պատասխանատու Հասմիկ Մելքոնյանը՝ նշելով, որ առաջադրվել են հիմնականում քաղաքականության մեջ նոր մարդիկ, հետագիծ չունեցող։

Գյումրիի ՏԻՄ
Վարդևան Հակոբյան

Ցուցակը գլխավորող Վարդևան Հակոբյանը «Գրոմ սեքյուրիթի» ընկերության հիմնադիր տնօրենն է, 2-րդ տեղում գործարար Կարեն Սոսյանն է, 3-րդը՝ ցանցային բիզնեսի գործակալ Սվետլանա Ադամյանը։

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժը «Արժանապատիվ ուղի» կուսակցությունն է, որի 22 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը։

Նա քաղաքականության մեջ է ավելի քան 20 տարի, եղել է Գյումրիի ավագանու անդամ, երկար տարիներ՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր։

Գյումրիի ՏԻՄ
Հովհաննես Մարգարյան

Հիմա ընտրապայքարի է դուրս եկել 2018 թվականին հիմնած իր նոր կուսակցությունով, որի շարքերում են նախկին ՕԵԿ-ականներ, նաև մասնագիտությամբ մանկավարժներ։ Ասում է՝ աչքը տեսածից է վախենում, հիմա շուրջն է համախմբել, իր բնորոշմամբ, ազնիվ մարդկանց։ Իսկ հետագա գործունեության առանցքում, ըստ թեկնածուի, լինելու է արժանապատվությունը և գյումրեցիների համախմբումը։ Նա բնակչության շրջանում պառակտում է տեսնում։ «Արժանապատիվ ուղի» կուսակցության 2-րդ համարը Ամասիայի հեռահաղորդակցության կենտրոնի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանն է, 3-րդը՝ կուսակցության գլխավոր քարտուղար Նարինե Մկոյանը։

Գյումրիի ՏԻՄ
Լեւոն Բարսեղյան

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին 28 թեկնածուով է առաջադրվել «Ռամկավար ազատական֊ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, լրագրող, հասարակական գործիչ, գործող ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Նա ասում է, որ տարիների ընթացքում նկատել է, որ բազմաթիվ հասարակ հարցեր, որոնք կարող էին շատ արդյունավետ լուծվել, ինչ-որ առեղծվածային պատճառներով չեն լուծվել, հետոյի են թողնվել, իսկ ինքը համարում է, որ ունի բավարար գիտելիքներ և կարողություն, նաև բավականաչափ պատրաստված է, որ այդ խնդիրները կարողանա լուծել ու լինի ավագանու ցուցակի առաջին տեղում։ Նաև որոշ կուսակցականների ու քաղաքացիների կարծիքները հաշվի առնելով է առաջադրվել։

Ասում է՝ մոտ 11-12 քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու բանակցություններ են տարվել, բայց միայն 2-ն են որոշել դաշինք կազմել։ Լրագրողներ, բժիշկ, մանկավարժներ, հաշվապահներ, դասախոսներ, ուսանողներ, հոգեբան․ «Հայրաքաղաք» դաշինքի ցուցակի թեկնածուների թվում ներկա պաշտոնյաներ չկան։ Ցուցակի 2-րդ համարը «Դպիր» հրատարակչության հիմնադիր, ՌԱԿ կուսակցության ատենադպիր Հովիկ Կարապետյանն է, 3-րդ համարը՝ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Հասմիկ Պետրոսյանը։ Ակնկալում են բովանդակային ընտրապայքար։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գյումրիի ավագանու այս ընտրություններին մասնակցում է 33 թեկնածուով։ Քաղաքական ուղի անցած, բայց հանրությանը ոչ հայտնի հանրապետականներ են հիմնականում ընդգրկված ցուցակում՝ հաշվապահ, ճարտարագետ, շախմատի դպրոցի մարզիչներ, ուսուցիչ, նաև Մայր աթոռի հայ եկեղեցու պատմության պատասխանատու։

Գյումրիի ՏԻՄ
Արտյոմ Ղուկասյան

Ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ գործարար Արտյոմ Ղուկասյանը։

Ցուցակի 2-րդ համար Նարեկ Միրզոյանի խոսքերով՝ Արտյոմ Ղուկասյանի առաջադրումը Վարդան Ղուկասյանի հետ ոչ մի կապ չունի։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանը վաղուց հանրապետական կուսակցության անդամ չէ։ Նարեկ Միրզոյանը կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության կազմակերպիչ-համակարգողն է, իսկ ցուցակի 3-րդ համարը՝ Գյումրիի Ակադեմիական վարժարանի օպերատոր Հասմիկ Մարգարյանն է։

«Համերաշխություն» և «Ազատություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Թասիբով» դաշինքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է կրեատիվ ծրագրերով։ Ավագանու ցուցակը գլխավորում է Գյումրիում գործող մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոնի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Գյումրիի ՏԻՄ
Կարապետ Պողոսյան

Նա նշեց, որ կարևոր գործ են համարում Գյումրիում երեխաներին դպրոց փոխադրելու համար առանձին տրանսպորտ տրամադրելը, նաև շների դեմ պայքարի արդյունավետ լուծումներ ունեն։ Ցուցակի 2-րդ համարը զբաղեցնում է գործարար, տնտեսագետ Ռեմիկ Աղաբաբյանը, 3-րդ տեղում՝ հակակոնֆլիկտային կենտրոնի ծրագրերի ղեկավար, ՏՏ ոլորտի մասնագետ Լուսյա Անաստասյանն է։ Դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկվածները քաղաքականության մեջ նոր մարդիկ են, արվեստագետներ, իրավաբաններ, մանկավարժներ, տնտեսագետներ, 4-ն էլ 44-օրյա պատերազմի մասնակից են, 1-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ։

Գյումրիի ՏԻՄ
Կարեն Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս նոր քաղաքական ուժ է այս ընտրություններում։ 22 թեկնածուով է մասնակցում։ Ցուցակը գլխավորում է Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Կարեն Մալխասյանը: Իրենց անելիքների մասին առայժմ չեն խոսում, առանձին մամուլի ասուլիսով հանդես կգան ավելի ուշ։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու անդամության 40 թեկնածուի ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Գյումրիի ՏԻՄ
Հովհաննես Հարությունյան

Առաջադրման հետ կապված հարցերին միայն նա է իրավասու պատասխանել, իսկ նրա հեռախոսահամարը չէր պատասխանում։ «Քաղաքացիական պայմանագրի» 2-րդ համարը Արման Բաղդասարյանն է, ով ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, իսկ 3-րդ տեղում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն է։ Ցուցակն ամբողջությամբ նորացված է, ընդգրկված են նախկին ԲՀԿ-ականներ, նախկին և գործող ավագանու անդամներ, լրագրողներ, նաև մարզպետարանի աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր նաև 2016 թվականին և ստացել մասնակիցների 1,48 տոկոսի քվեն։ ՔՊ-ի նախկին ցուցակում ընդգրկված անձանցից ոչ մեկն այժմ չի առաջադրվել։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս մասին նախօրոք էր հայտարարվել, «Լուսավոր Հայաստանը» որակել էր, որ այս ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում 5 տարի առաջ անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր 11 քաղաքական ուժ՝ 10 կուսակցություն և 1 դաշինք, ընտրողների մեծամասնության քվեն՝ 34,75 տոկոս, ստացել էր «Բալասանյան» դաշինքը, 21,66 տոկոս՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 10,62 տոկոս՝ «Հայկական Վերածնունդը», 10,47 տոկոս՝ ԳԱԼԱ կուսակցությունը։

2016թ. ընտրություններին մասնակցել էր Գյումրիի ընտրողների ընդամենը 37 տոկոսը։ Այժմ ընտրացուցակներով Գյումրին ունի 122.000 ընտրող։

Կարինե Կազարովա

Back to top button
Close