ՆորություններՍպորտ

Առանց մեկ վայրկյան մտածելու կընդունեմ Հայաստանի հավաքականի հրավերը․ Լևանտեի հայ հարձակվող

Վերջին շրջանում բավականին հաճախ է խոսվում 16-ամյա հարձակվող Նարեկ Գասպարյանի մասին, որն այժմ հանդես է գալիս իսպանական «Լևանտեի» Մ16 տարեկանների թիմում: Նարեկի ծնողները 2000-ականների սկզբին Հայաստանից տեղափոխվել են ԱՄՆ: Գասպարյանը ծնվել է 2005 թվականին Միացյալ Նահանգներում: Ընտանիքի երեք զավակներից կրտսերն է: ArmSport-ը ծավալուն հարցազրույց է ունեցել տաղանդավոր ֆուտբոլիստի հետ:

Նարեկ, կխնդրեմ` պատմես ֆուտբոլային առաջին քայլերիդ մասին: Ո՞րն էր հիմնական դրդապատճառը` ֆուտբոլը որպես գլխավոր մասնագիտություն ընտրելու հարցում:

-Ֆուտբոլ խաղին սիրահարվել եմ մեծ եղբորս`Հովհաննեսի շնորհիվ: Նա է ինձ օգնել ֆուտբոլում առաջին քայլերս կատարելու գործում: Ֆուտբոլով զբաղվում եմ վեց տարեկանից:

Ո՞րն է եղել առաջին թիմը, որտեղից սկսել ես ֆուտբոլային կարիերադ:

-Առաջին ակումբը, որի կազմում մասնակցել եմ հանդիպումների, «Ցինցինատի Յունայթեդի» մանկապատանեկան թիմն էր: Այնտեղ հանդես եմ եկել 2018-ից մինչև 2021 թվականը:

Հիմա դու հանդես ես գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Միշտ այդ դիրքու՞մ ես խաղացել, թե՞ ուժերդ փորձել ես նաև այլ դիրքերում:

-Այո, հիմնականում հանդես եմ եկել հենց այդ դիրքում: Կարճ ժամանակով խաղացել եմ նաև կիսապաշտպանության գծում, սակայն հարազատ դիրքս հիմնականում եղել է հարձակման կենտրոնը:

Ո՞րն է եղել մանկությանդ ամենասիրելի թիմը, և ո՞վ է այն ֆուտբոլիստը, որը ոգեշնչել է քեզ իր խաղով:

-Իմ ամենասիրելի ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ ամենասիրելի ֆուտբոլիստը`Ռոմելու Լուկակուն:

Կա տեղեկություն, որ փոքր ժամանակ քեզ շատ են օգնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողներ Յուրա Մովսիսյանը և Դավիթ Արշակյանը: Կպատմե՞ս այդ մասին:

-Երբ ծանոթացա Մովսիսյանի հետ, ուրախությանս չափ չկար: Շատ էի սիրում Յուրային, քանի որ նա մեր հավաքականի լավագույն հարձակվողներից մեկն էր: Յուրան ինձ բացատրում էր, թե ինչպես է պետք ճիշտ հարձակվել: Պատմում էր` ինչպես են ապրում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, և թե ինչքան շատ է ինքը մարզվել, որ հասնի նման մակարդակի:

Արշակյանը նույնպես շատ կարևոր խորհուրդներ է տվել: Հենց նրա խորհրդով սկսեցի հաճախել վազքի պարապմունքների, ինչը հետագայում ինձ շատ օգնեց:

Նարեկ, ունե՞ս գործակալ, որը զբաղվում է քո ֆուտբոլային հարցերով:

-Այո, իմ ֆուտբոլային գործակալը Նատալի Շեննիկովան է:

Մինչև «Լևանտե» տեղափոխությունը եղե՞լ են այլ ակումբներից առաջարկներ:

-Իմ ծառայություններով հետաքրքրված էին Կիևի «Դինամոն», Մոսկվայի «Լոկոմոտիվը» և հունական ակումբներից մեկը: Սակայն այդ ժամանակ փոքր էի, և ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ տարբերակներից որևէ մեկը: Այնուհետև ինձ հրավիրեցին «Ֆիորենտինան» և «Կալյարին»: Բայց այս անգամ էլ կորոնավիրուսի պատճառով չկարողացա միանալ այդ թիմերին:

Ե՞րբ եղավ առաջին զանգը «Լևանտեից»:

-Առաջին անգամ ինձ հետ կապնվեցին անցած տարի: Իսկ այս տարվա մայիսին արդեն միացա Մ16 տարեկանների թիմին:

Հիմա զուգահեռաբար մարզվում ես նաև 18-21 տարեկանների թիմում: Կ՞ա հավանականություն, որ վերջնականապես կտեղափոխվես ավելի բարձր տարիքային խումբ:

-Կա նման տարբերակ: Մարզիչները հավանեցին խաղս և ցանկություն հայտնեցին, որ ուժերս փորձեմ 18-21 տարեկանների թիմում: Եթե ինձ լավ դրսևորեմ, ավելի բարձր տարիքայինների թիմում կմասնակցեմ առաջնության խաղերին:

Նարեկ, առաջին անգամ Հայաստանի պատանեկան հավաքականից հրավեր ես ստացել 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի սրման պատճառով խոչընդոտներ են առաջացել: Ի՞նչ կասես առաջին հրավերի և հավաքի մասին:

-Ես մի քանի օր շուտ էի եկել Հայաստան: Մինչև հավաքի մեկնարկը մարզվում էի ակադեմիայի ֆուտբոլիստների հետ: Հավաքը սկսվելու նախորդ օրը երկրում կարանտին մտցվեց, և բոլոր պլանները խառնվեցին իրար: Դրանից հետո նոր հրավեր չեմ ստացել:

«Լևանտեում» դու հայտնի ես որպես «Հայկական Բենզեմա»: Ո՞վ է տվել քեզ այդ անվանումը:

-Առաջին անգամ խաղընկերներիցս մեկն այդպես դիմեց: Այնուհետև սկսեցին «Հայկական Բենզեմա» անվանել նաև մնացած թիմակիցներս և մարզիչներս: Թ՛ե արտաքնապես, թ՛ե խաղաոճով նմանեցնում են Բենզեմայի հետ: Դա է պատճառը` նման կերպ դիմելու:

Եթե քեզ հրավիրեն Հայաստանի որևէ տարիքային հավաքական, կընդունե՞ս այդ հրավերը:

-Միանշանակ պատասխանս դրական է: Առանց մեկ վայրկյան մտածելու կտամ համաձայնությունս:

Սուրեն Մելիքսեթյան

Back to top button
Close