Նորություններ

«Ի՞նչ եք անում դուք, որպեսզի մեր ռազմագերիները օր առաջ վերադարձվեն». Վարդանյանը՝ Փաշինյանին

«Իհարկե չեն կարող գոհացուցիչ լինել տարվող աշխատանքները, որովհետև պատերազմից 10 ամիս անց մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում»

«Նոյեմբերի 9-ից անցել է 10 ամիս, մեր տղաների ճակատագիրն այդպես էլ շարունակում է օդում կախված մնալ: Ի՞նչ եք անում դուք, ի՞նչ է արվում, որպեսզի մեր ռազմագերիները օր առաջ վերադարձվեն»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Գուցե այդ աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսներ չի տրվում, բայց ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Անհետ կորածների կարգավիճակի անունը բխում է նրանից, որ անձի գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու համար կան բարդություններ:

Ես ուզում եմ հիշեցնել, որ սա, ցավոք սրտի, ամենևին էլ նոր երևույթ չէ Հայաստանի համար: Մենք արցախյան առաջին պատերազմից հետո մոտ 200 մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչ օրս չի պարզվել, և նրանք շարունակում են համարվել անհետ կորած:

Մենք անում ենք ամեն հնարավորը, գործնականում չկա որևէ միջազգային հանդիպում, որ առանցքում գերիների թեման չլինի: Ես մեր գերեվարված զինվորների հարազատների հանդիպման ժամանակ էլ եմ ասում, որ դա այն թեման չէ, որ ամբիոնից քննարկենք:

Գոհացուցի՞չ է արդյոք, ո՛չ, գոհացուցիչ չէ, որովհետև բոլորը չեն վերադարձվել»,- պատգամավորի հարցադրմանն անդրադառնալով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ իհարկե չեն կարող գոհացուցիչ լինել տարվող աշխատանքները, որովհետև պատերազմից 10 ամիս անց մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, հայտարարեց.

«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի և այդ առումով ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքներում մեր ձեռք բերված արդյունքների վերաբերյալ:

Գոհացուցիչ չէ արդյունքը, և որևէ մեկը ինձնից դժգոհ չի կարող լինել այդ հարցում»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Back to top button
Close