Նորություններ

«Գործող իշխանությունը իրեն այլևս հաշիվ չի տալիս, թե ինչ է անում»

«Գործող իշխանությունը իրեն այլևս հաշիվ չի տալիս, թե ինչ է անում. տպավորությունն այնպիսին է, որ ամեն գնով փորձում են ստանալ առավելագույնը, ինչպես արել են նախկինները»

«Գործող իշխանությունը իրեն այլևս հաշիվ չի տալիս, թե ինչ է անում. տպավորությունն այնպիսին է, որ ամեն գնով փորձում են ստանալ առավելագույնը, ինչպես արել են նախկինները: Ուղղակի նախկինները դա արել են գաղտնի և զարտուղի ճանապարհներով, սրանք էլ անում են բաց ճանապարհով:

Բազմաթիվ որոշումներ՝ սկսած լրացուցիչ հավելավճարներից, պարգևավճարների շարունակությունից, հատուկ բժշկական ծառայությունից օգտվելուց, ստանդարտ իրավիճակում ընկալելի և ընդունելի կլիներ, բայց այն վիճակում, որ հիմա մենք ենք  գտնվում, անգամ հեռու է բարոյականությունից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին:

Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ստանալը:

Առաջարկվող նախագծով անձնական բժիշկ է տրամադրվում ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին (Արմեն Սարգսյանը նախկինում ևս ունեցել է անձնական բժիշկ): Նախագիծը առայժմ ներկայացվել է քննարկման:

Իրավապաշտպանի կարծիքով՝ այս  իշխանությունները, ինչպես նախկինները, եկել են իշխանության, որպեսզի ստանան արտոնություններ:

«Այո՛, պաշտոնյաները պետք  է պաշտպանված լինեն, նրանք պետք  է հնարավորություն ունենան առօրյա խնդիրների մասին չմտածելու, բայց դա չի նշանակում, որ պետությունը, որ իրենք են ղեկավարում, պիտի անթույլատրելիության աստիճանի անտերության մատնվի, և իրենք միայն իրենց հարցերը լուծեն:

Մենք հիմա այնպիսի  պայմաններում ենք, որ էդպիսի օրենքներ քննարկելու ժամանակ չունենք: Մենք ունենք օրհասական խնդիրներ՝ անվտանգությունից, սուվերենությունից մինչև վիրավորներ, գերեվարված անձինք: Հետևաբար այդ պայմաններում նման օրենքների վրա  ժամանակ վատնելն ուղղակի բացարձակ անպատասխանատվություն եմ համարում:

Գործող իշխանությունը շատ վաղուց բացահայտ կերպով կտրվել է իրականությունից և ամեն անգամ թաքնվել իրենց տրված մանդատի թիկունքում:

Ժողովուրդը մանդատը չի տվել, որ իշխանությունն իր անձնական խնդիրները  լուծի, մանդատը տրվել էր, որպեսզի կատարեին այն խոստումները, որ տրվել էին, և որոնք չեն կատարվել»,- եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նշենք, որ եղան տեղեկություններ, որ մինչև 2022 թ. պետպատվերով բուժումները սառեցվել են:

Առողջապահության նախարարությունը, պարզաբանելով  շրջանառվող լուրերը, որ պետպատվերով բուժումը մինչև 2022 թվականը սառեցվել է, հայտարարել է, որ մեծաթիվ քաղաքացիներին սպասարկելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close