Նորություններ

Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը ի պատասխան մեր հայտարարությունների. Ն. Փաշինյան

«Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու դրույթ»

«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր, բազմաթիվ ենթատեքստեր:

Շատ կարևոր է, որ մենք այդ  ենթատեքստերը շատ ճիշտ  ընկալենք և ճիշտ թարգմանենք»,- այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն  Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղակայվել ոստիկանական կետեր, ինչու են կանգնեցվում իրանական բեռնատարները, և  ինչու են ադրբեջանցիները «մաքսատուրքեր» վերցնում իրանական բեռնատարների վարորդներից:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, հայտարարեց.

«2020թ.-ի դեկտեմբերին մենք  իրականացրել  ենք ՀՀ զինված ուժերի դիրքերը ՀՀ Խորհրդային միությունից  ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացը իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար:

Այս համատեքստում կրկին ուզում եմ հիշեցնել 2010թ.-ի ԱԺ-ի կողմից ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ մասնավորապես Շուռնուխ, Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին, և տվյալ դեպքում պիտի արձանագրեմ, որ Խորհրդային միության ժամանակ մասնավորապես այդ հատվածը խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է  ընդունվել որպես  հիմք, և հիմա այդ տրամաբանությամբ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս  է գալիս ՀՀ կամ խորհրդային Հայաստանի վարչական սահմանից:

Այս հանգամանքի բերումով  է, որ հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը:

Ժամանակին պայմանավորվածություն է  ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է  օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների  տարանցման համար:

Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ  ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու դրույթ: Հայաստանը ընդունում է, որ տարածաշրջանում կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ, արձանագրվում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածք հատելիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Back to top button
Close