Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Չինաստանն ուժեղացնում է միջուկային ուժերը ռուսական մոդելի հիման վրա

Չինաստանի միջուկային ուժերը կունենան մինչև 400 նոր հեռահար հրթիռներ, նորագույն սուզանավեր եւ անտեսանելի ռմբակոծիչներ

Միջուկային ուժերը առաջանցիկ տեմպերով հզորացնելու գործընթացում Չինաստանը միտումնավոր ընդօրինակում է Ռուսաստանի միջուկային ուժերի մոդելը, հայտարարել է ԱՄՆ ռազմական հետախուզական ծառայության տնօրենը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է ամերիկյան The Washington Times հանդեսը:

«Ռազմական հետախուզական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերը հայտնել է, որ չինական զինված ուժերը զարգանում են ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ճակատներով, իսկ միջուկային տարրերն արդիականացման ամենակարևոր բաղադրիչներից են»,-գրում է հոդվածագիր Բիլ Գերցը:

«Էկզիստենցիալ սպառնալիքների առումով ռուսական միջուկային եռյակը համոզիչ և արդյունավետ է, և ես ենթադրում եմ, որ չինացիները հիմնականում առաջնորդվում են այդ մոդելով և կցանկանային ունենալ այդպիսի զինանոց»,-ընդգծել է գեներալ Բերիերը:

Գեներալ Բերիերի մեկնաբանությունները հնչել են համաժողովի ժամանակ, որտեղ նա և հետախուզության 5 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ լրտեսական գործակալությունները «վերազինվում» են կոմունիստական ​​Չինաստանի մարտահրավերներին դիմակայելու համար՝ պահպանելով իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի ջանքերը: Նշվել է, որ Չինաստանի զարգացումը նոր մարտահրավերներ է առաջացնում ԱՄՆ-ի համար՝ անվտանգության, տնտեսության և քաղաքականության ոլորտներում:

Գեներալ Բերիերը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 3 թիրախով ռազմավարություն է իրականացնում. կարգապահություն՝ ինչպես իշխող Կոմունիստական ​​կուսակցության, այնպես էլ Ժողովրդա-ազատագրական բանակի ղեկավարության շրջանում, «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով ազգային ներուժի ֆինանսավորումը և արագ տեմպերով զինված ուժերի հզորացումը:

Չինաստանի միջուկային ուժերը կունենան մինչև 400 նոր հեռահար հրթիռներ, որոնք վերջերս հայտնաբերվել են երկրի արևմուտքում՝ արբանյակային լուսանկարներում: Հորաններում կտեղակայվեն չինական նոր DF-41 հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է մինչև 10 մարտագլխիկ:

Բացի այդ, չինական միջուկային տրիադայի կազմում կլինեն նոր հրթիռակիր  սուզանավեր եւ նոր անտեսանելի ռմբակոծիչներ, որոնք ունակ են միջուկային զենք կրել:

Back to top button
Close