Նորություններ

«Ադրբեջանական կողմի գործողությունն ուղղված է միաժամանակ մի քանի դերակատարների դեմ»

«Ադրբեջանական կողմի գործողությունն ուղղված է միաժամանակ մի քանի դերակատարների դեմ՝ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ Իրանի և Ռուսաստանի»

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական կողմի հերթական քայլը որոշակիորեն շարունակությունն է մի քանի շաբաթ առաջ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի արգելափակման: Ադրբեջանական կողմի գործողությունն ուղղված է միաժամանակ մի քանի դերակատարների դեմ՝ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ Իրանի և Ռուսաստանի:

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի գործունեությունը տարաբնույթ քայլերով խոչընդոտելու միջոցով Ադրբեջանը նաև «ծաղրում է» սեփական տարածքը շրջանցող «Հարավ-Արևմուտք», «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքների այլընտրանքային տարբերակների հնարավորությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ պարբերաբար նման խնդիրներ առաջացնելով՝ ադրբեջանական կողմը նսեմացնում է և թիրախավորում է Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու հեղինակությունը:

Արմեն Պետրոսյան

«Ադրբեջանը նաև նպատակ ունի Հայաստանի համար անընդհատ ստեղծել խնդրահարույց իրավիճակներ և Հայաստանին պարտադրել ադրբեջանա-թուրքական օրակարգի շրջանակներում որոշ պարտականություններ իրականացնել, որոնց մի  մասն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և հնարավորինս թուլացնել Հայաստանի դիրքերն այս տարածաշրջանում»,- հայտարարեց  Պետրոսյանը:

Փորձագետը, անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերում ռուս սահմանապահների տեղակայման փաստին, հայտարարեց.

«Քանի որ  Ռուսաստանը հետպատերազմյան գործընթացների հիմնական միջնորդն է, և տվյալ հատվածն էլ ևս գնահատվել է վտանգավոր գոտի, որտեղ ադրբեջանական կողմը  կարող է իրեն սադրանքներ թույլ տալ և հավելյալ լարել իրավիճակը, ես կարծում եմ, որ Ռուսաստանը նախաքայլ է իրականացրել ադրբեջանական զինված ուժերի հնարավոր սադրանքները կանխելու կամ դրանք իրականացնելու դեպքում նվազագույն հետևանքների հասցնելու համար»:

Ադրբեջանն առաջանցիկ տեմպերով ենթակառուցվածքներ է ստեղծում Արցախի օկուպացրած տարածքներում… օդանավակայանենր, մայրուղիներ, թունելներ: Դրան զուգահեռ պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ թուրքերի հետ համատեղ: Ո՞րն է այդ հապճեպության պատճառը, և ի՞նչ հեռահար նպատակներ ունի թշնամին:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Արմեն Պետրոսյանը հայտարարեց.

«Թշնամին փորձում է հրատապ կերպով հնարավոր բոլոր հարթություններով  կապիտալիզացնել իր ժամանակավոր հաջողությունը: Քանի դեռ Հայաստանը և Արցախը դեռևս չեն վերականգնվել հետպատերազմյան հետևանքներից՝ թշնամին փորձում է բոլոր հարթություններով ամրապնդել սեփական դիրքերը և Հայաստանին պարտադրել այն բոլոր ծրագրերը, որոնք թշնամին չկարողացավ իրականացնել ռազմական ճանապարհով:

Այսինքն՝ ադրբեջանական կողմի իրականացրածը հստակ սպասելի ուղեգիծ է, և Ադրբեջանի իշխանությունները փորձելու են ամրացնել իրենց դիրքերը և միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, որ իբրև թե իրենք են այդ տարածքների իրական և պատմական տերը, և  իրենց մոտեցումն այդ տարածքների նկատմամբ բովանդակային առումով տարբերվում է ՀՀ բոլոր իշխանությունների մոտեցումներից:

Իրենք այդ տարածքները համարում են հայրենիքի մի մաս և օրակարգային խնդիր են դնում արագ վերականգնել և զարգացնել այն տարածքները, որոնք տևական ժամանակ եղել են Արցախի և Հայաստանի վերահսկողության ներքո»,- ընդգծեց փորձագետը:

Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Հայաստանի արձագանքին, հայտարարեց.

«Արտաքին գործերի նախարարության մակարդակով պարբերաբար արձագանքներ և  պատասխաններ հնչում են, նման բովանդակության  և համարժեքության արձագանքը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների վարած տարածաշրջանային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակը տարածաշրջանի կայունացումն է:

Բնական է, որ Հայաստանը հատկապես հետպատերազմական ծանր իրավիճակում պետք է առավելապես խաղաղության ձգտող դիրքերից հանդես գա, որովհետև առնվազն որոշակի ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի մեր  պետությունը վերականգնի պատերազմի ծանր հետևանքները»,- հայտարարեց Պետրոսյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ոչ հաստատուն է, ոչ կայուն:

«Հետպատերազմական ժամանակահատվածում տարածաշրջանում արձանագրվել է հստակ դիրքային փոփոխություն, նաև ուժային հավասարակշռության փոփոխություն:

Տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվել է հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Հետևաբար տարածաշրջանում եղած նախկին հավասարակշռող  մեխանիզմներն այլևս գոյություն չունեն, իսկ սա նշանակում է, որ  տարածաշրջանում իրավիճակը գոնե կարճաժամկետ հեռանկարում կարող է պարբերաբար դրսևորվել լոկալ գործողություններով կամ սահմանային սադրանքների տեսքով, իսկ երկարաժամկետ հեռանկարում բնականաբար նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը ևս չի կարելի բացառել»,-եզրափակեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close