Նորություններ

«Բնականաբար, Ադրբեջանի գործողություններն Իրանին դուր չեն գալիս»

«Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ Իրանը պիտի հրաժարվի Հայաստանի միջոցով միջազգային առևտրին մասնակցելուց և դա փորձի կատարել Ադրբեջանի ճանապարհներով»

«Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական կետի տեղակայումը և իրանցի վարորդներից «տուրք» հավաքելը  ունի թե՛  ռազմական, թե՛ քաղաքական նպատակներ: Ադրբեջանն այդ հատվածում ամրապնդում է իր դիրքերը հնարավոր հետագա հարձակումները կազմակերպելու ուղղությամբ, իսկ քաղաքական նպատակն այն է, որ լրացուցիչ ճնշում գործադրի ՀՀ կառավարության վրա:

Ադրբեջանի այդ  քայլը հետապնդում է նաև տնտեսական նպատակներ, որպեսզի Հայաստանին զրկի միջազգային բեռնափոխադրումների հնարավորությունից և այլ բեռնափոխադրումներ իրականացնի ադրբեջանական տարածքում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի և Արցախի ինքնիշխան  տարածքը և ինչքան կարողացավ, այդքան ավելի շատ է իրականացնելու օկուպացիա:

Տարոն Սիմոնյան

«Բնականաբար այս ամենը Ադրբեջանի հերթական գործողություններն են քաղաքական և ռազմական դիվիդենտներ շահելու ուղղությամբ և ճնշման գործիք է օգտագործվում Հայաստանի վրայով ինքնիշխան ճանապարհ ձեռք  բերելու համար՝ ասելով, որ մենք  կբացենք այս ճանապարհը կամ կթուլացնենք վերահսկողությունը, եթե դուք մեզ ճանապարհ տաք դեպի Նախիջևան:

Որքան հնարավոր է, Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ հետագայում իր ուզածը ստանալու համար:

Մենք պիտի փոխենք քաղաքականությունն Ադրբեջանի սանձարձակությունների նկատմամբ և պիտի  պնդենք, որպեսզի  նրանք դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, իսկ այդ հատվածը երբևէ չի եղել Ադրբեջանի ինքնիշխան տարածության մաս և չէր էլ կարող լինել, որովհետև դա կենսական նշանակության տարածք է, նաև  Հայաստանի և Արցախի Հանրապետության մաս»,-ընդգծեց Սիմոնյանը:

Անդրադառնալով  հարցադրմանը, թե Հայաստանի պատկան մարմինների լռությունը ինչո՞վ է պայմանավորված, ԱԺ նախկին պատգամավորը հայտարարեց.

«Նրանց  լռությունը պայմանավորված է անկարողությամբ  և որոշում ընդունելու անընդունակությամբ, պատասխանատվություն ստանձնելու անկարողությամբ»:

Իրանը ինչպե՞ս  կարձագանքի Ադրբեջանի այս քայլին, ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել:

Հարցին  ի պատասխան՝ Տարոն Սիմոնյանը հայտարարեց.

«Իրանը, կարծում եմ, արդեն իսկ արձագանքել է, որովհետև Ալիևի հետ խորհրդակցություն ունեցել են: Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ Իրանը պիտի  հրաժարվի Հայաստանի միջոցով միջազգային առևտրին մասնակցելուց և այն, ինչ կատարում է Հայաստանի ճանապարհներով, փորձի կատարել Ադրբեջանի ճանապարհներով:

Բնականաբար, Ադրբեջանի գործողություններն Իրանին դուր չեն գալիս, և այս ամենը Իրանի համար լավ տարբերակ չէ, բայց ամեն դեպքում Հայաստանի լռության պայմաններում Իրանը միգուցե նաև թեքվի դեպի Հայաստանի ճանապարհներն օգտագործելուց հրաժարման ուղին»,- եզրափակեց ԱԺ 7-րդ գումարման ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների խնդրին՝ հայտարարելով.

«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար` բոլոր հարևանների մասնակցությամբ: Մասնավորապես, օրակարգում են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ հարաբերությունները»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close