Նորություններ

Գյումրիում ճոպանուղի չի կառուցվի. հատկացված հողամասերը հետ վերցվեցին

Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող ծրագիրը կյանքի չկոչվեց

Դեռևս նախորդ տարի «Արմոն» ընկերությանը կառուցապատման իրավունքով Գյումրիի տարբեր հատվածներում համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էին հողամասեր՝ Գյումրիում ճոպանուղի կառուցելու համար:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, նախորդ տարի անգամ հանրային բաց լսում անցկացվեց: «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը  ներկայացրեց քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։

Գյումրիում օդային տրանսպորտային համակարգ կառուցելու ընդհանուր արժեքը 500 միլիոն դոլար էր:  14 կանգառ ու կայանատեղի էր կառուցվելու,  ժամանցի  վայրեր, սպորտային համալիր, սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։

Օդային տրանսպորտի սկիզբը «Շիրակ» օդանավակայանից էր լինելու: Այն անցնելու էր քաղաքի կենտրոնով, ապա տարբեր թաղամասերով: Ծրագիրն ավարտին էր հասցվելու 2023 թվականին:

Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող այս ծրագիրը սակայն կյանքի չկոչվեց:

ԳԱԼԱ-ի լրագրողի փոխանցմամբ, Գյումրիի ավագանին այսօր որոշում կայացրեց «Արմոն» ընկերությանը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրված հողամասերը հետ վերցնել, իսկ  2020 թվականի սեպտեմբերի 8-ի ավագանու որոշումը ճանաչվեց ուժը կորցրած:

Back to top button
Close