Նորություններ

19-ամյա հերոսը վիրավոր ընկերներին օգնելու ժամանակ հայտնվել է դիպուկահարի նշանառության տակ

Նոյեմբերի 7-ին թշնամին հարձակվել է դիրքի վրա. 19-ամյա հերոսը ՝ Մանվել Ջավադյանը, մնացել էր վիրավոր ընկերներին օգնելու, բայց հայտնվել է դիպուկահարի նշանառության տակ

Սպորտով եւ արվեստով ապրող տղան, 19-ամյա հերոսը ՝ Մանվել Ջավադյանը, տասը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ժամկետային զինծառայողը 42 օր աննահանջ կռվել է Արցախի համար մղվող մարտերում, հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին:

«Մանվելս ծառայության անցավ 2019թ. հունվարի 15-ին, վիճակահանությունից հետո ասաց. «Արցախում եմ ծառայելու… ասում են՝ Արցախում ծառայած զինվորները տղամարդ դարձած են վերադառնում: Ծառայում էր Արցախի Մարտունի 3-ում՝ հրետանու կառավարման դասակում: Բոլորը գիտեին, որ Մանվելն իր գործը փայլուն կերպով է անում, լավ ծառայության համար խրախուսվել էր հրամանատարության կողմից:

Ծառայությունը շատ էր փոխել Մանվելի բնավորությունը՝ ավելի հասուն, հավասարակշռված, արժեքները գնահատող էր դարձել:

Մանվելս տասը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: 42 օր իմ տղեն կռվել է տարբեր ուղղություններով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Ջավադյանի մայրը՝ Հռիփսիմե Մարտիրոսյանը:

Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր որդու հետ կապ է եղել: Ասում է, որ  որդու ձայնի մեջ վախ, անորոշություն չի զգացել, անգամ իր մայրական սիրտը որևէ կանխազգացում չի ունեցել:

«Նոյեմբերի 6-ն էր… Մանվելս զանգեց, ես զգացի՝ ձայնը անհանգիստ էր, բայց ինքը երբեք ոչինչ ցույց  չէր տալիս, թույլ չէր տալիս, որ մենք զգայինք իր անհանգիստ և լարված վիճակը:

Իրենց մի թեժ կետից մյուսն էին տանում, բայց Մանվելս իրեն  այնպես էր պահում, որ չէիր էլ ասի, որ պատերազմի մեջ է կամ ամենաթեժ կետում է կռվում:

Նոյեմբերի 7-ին թշնամին հարձակվել է Մանվելենց դիրքի վրա, իսկ ինքը մնացել էր վիրավոր ընկերներին օգնելու, բայց հայտնվել էր դիպուկահարի նշանառության տակ ու գլխի հատվածում ստացել հրազենային մահացու վնասվածք»,- պատմում է Մանվել Ջավադյանի մայրը:

Մանվելի հետ վերջին կապը եղել է նոյեմբերի 6-ին, այնուհետև Ջավադյանների համար սկսվել են ծանր ու սպասումով լի  օրերը:

44 օր անհայտության մեջ մնալուց հետո մարմինը գտնվել է դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը:

Մանվել Սևակի Ջավադյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 5-ին: 19-ամյա հերոսը պարող և մարմնամարզիկ  էր:

Մանվել Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով:

Տիկին Հռիփսիմեն ասում է՝ հպարտ է, որ Հերոսի մայր է, բայց այնքան ցավոտ է այդ հպարտությունը, որ ոչ մի մոր չի ցանկանում, որ արժանանա Հերոսի մայր կոչմանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close