Նորություններ

«Եթե դեմարկացիան և դելիմիտացիան ընթանա 1970-ական թթ. խորհրդային քարտեզներով, կլինեն տարածքային զիջումներ». քարտեզագրող

«Եթե դեմարկացիան և դելիմիտացիան ընթանա 1970-ական թթ. խորհրդային քարտեզներով, ապա մենք կկորցնենք ոչ միայն Գորիս-Կապան ավտոմայրուղային մի քանի հատվածներ, այլև անկլավային տարածքները, Նոյեմբերյանով անցնող Վրաստանի սահմանի հետ կապող մայրուղու որոշակի հատվածը»

«Եթե դեմարկացիան և դելիմիտացիան ընթանա 1970-ական թթ. խորհրդային քարտեզներով, ապա մենք կկորցնենք ոչ միայն Գորիս-Կապան ավտոմայրուղային մի քանի հատվածներ, որոնք այս  պահին փաստացի կորսված են, այլ նաև կկորցնենք անկլավային  տարածքները, Նոյեմբերյանով անցնող  Վրաստանի սահմանի հետ կապող մայրուղու որոշակի հատվածը: Կլինեն բավականին  տարածքային զիջումներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց գեոդեզիստ-քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանն իրեն չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի հետնորդ, այլ իրեն ճանաչում է 1918թ. ձևավորված դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, ըստ այդմ խնդիր է առաջանում, թե չճանաչելով իրեն խորհրդային Ադրբեջանի հետնորդ՝ ինչպե՞ս է առաջնորդվում խորհրդային Ադրբեջանի սահմանների վարչական  քարտեզներով:

«Ւնչպես գիտենք, սահմանազատումը առաջարկվում է իրականացնել 1970-ական թթ. քարտեզներով, որոնք ըստ էության հանդիսանում են տարբեր տարիներին վերահաստատված խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի միջև վարչատարածքային բաժանման քարտեզներ»,- նշեց Շահինյանը:

«Փաստացի մենք ունենք պետական այրերի կողմից հայտարարություն, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը չի կարող մեկնարկել, մինչև թշնամին դուրս չբերի իր զորքերը մեր տարածքից: Գոյություն ունի ԵԱՀԿ կանոնակարգ սահմանազատման վերաբերյալ, որտեղ հստակ ասվում է. սահմանազատման պրոցեսը պետք է բացառի ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի առկայությունը:

Շատ տրամաբանական է, որ չի կարող ընթանալ հավասարազոր դեմարկացիայի աշխատանքներ, եթե թշնամիդ ասում է, որ ընդունիր  իմ տարբերակը, թե չէ ես քեզ կամ կկրակեմ, կամ կսպանեմ: Այս պահին մեր թշնամին այդպես է գործում: Առաջարկում է իր տարբերակը, իր  տեսլականը և սպառնում է ուժի կիրառմամբ, նույնիսկ որոշ հատվածներում ուժ է կիրառում, և վառ օրինակը՝ Սև լիճը»,- հայտարարեց Շահեն Շահինյանը:

Փորձագետի խոսքով՝ դեմարկացիան և  դելիմիտացիան վատ բան չեն, բայց իրականացնելու համար խաղաղ ընթացք է պետք:

Շահեն Շահինյանը, անդրադառնալով այն տեսակետին, որ դեմարկացիա և  դելիմիտացիա  իրականացնող պետությունների միջև եթե չկան դիվանագիտական հարաբերություններ, ապա դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, հայտարարեց.

«Իհարկե դա ստեղծում է լրացուցիչ բարդություններ, բայց դա  չի կարող վերջնական արգելք լինել այդ պրոցեսն իրականացնելու, քանի որ այս պրոցեսը կարող է սկիզբ լինել դիվանագիտական հարաբերությունների սահմանման:

Ըստ էության, պրոցեսի ավարտից հետո այդ կնքվող պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ դիվանագիտական հարաբերությունների համար:

Փաստացի դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվում է, նշվում են պետությունների սահմանները, և  կնքվում է մի պայմանագիր, որով իրականացված աշխատանքների արդյունքները 2 կողմն էլ ճանաչում են: Դրանից հետո  կարող են հաստատվել դիվանագիտական  հարաբերություններ, սակայն դրանք երկու կողմերի ցանկության հետևանք պետք է լինի:

Դիվանագիտական հարաբերություններ կարող են ձևավորվել այն կողմերի միջև, ովքեր պատրաստ են միմյանց հետ առնչվել, աշխատել, հարևանություն անել, բայց մենք փաստացի ունենք ոչ թե հարևան, այլ թշնամի պետություն:

Դրա մասին փաստում են տվյալ պետության գործողությունները մեր պետության նկատմամբ՝ սկսած գերիների պահումից, սահմանի խախտումից, կրակոցներից, վերջացրած ագրեսիվ  հռետորաբանությունից»,- եզրափակեց Շահեն Շահինյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close