Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

«Կյանքը ինձ դարձրեց ուժեղ». ո՞րն է վանաձորցի բիզնես լեդիի հաջողության գրավականը

Օր, որը սկսվում է առավոտյան 6-ին, ավարտվում… Աստված գիտե՝ երբ: 18-ժամյա տեմպ է սիրում Լուսինեն, գերզբաղված առօրյա, որ հասցնի ամեն ինչ… և  հասցնում է։

Իսկ չի՞ հոգնում գլխապտույտ վազքի մեջ: Դե իհարկե հոգնում է: Թե ինչքան է այն տևում Լուսինեի մոտ, կես կատակ-կես լուրջ ասում է՝ բազմոցից մինչև հայելի: Դժգոհելու, անհաջողության համար մեղքը սրա-նրա վրա բարդելու ժամանակ չկա: Ինքը պահանջկոտ է, ամենաշատը իրենից է պահանջում:

Լուսինե Բարաթյանին Վանաձորում շատերն են ճանաչում: «Լուսիա ֆուդ» ընկերության  հիմնադիրը բիզնեսի հաջողության գրավականներից է համարում վանաձորցիների սերը:

Լուսինեն էլ սիրում է իր քաղաքը: Հուզվում է: Եթե երբևէ որոշի հեռանալ Վանաձորից, ապա միայն նոր ներդրումներ բերելու համար:

Խնամքով է վերաբերվում բիզնեսին, փայփայում՝ երեխաների նման:

Գործարարության մեջ էլ ամենակարևորը ազնվությունն է, ասում է Լուսինե Բարաթյանը:

Իսկ ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ հասկացավ, որ հույսն իրենից բացի որևէ մեկի վրա դնել չի կարողանալու:  Իսկ ի՞նչը մոտիվացրեց իրեն, որ մի կողմ դրեց թնկթնկան կնոջ գոգնոցը և որոշեց բոլորին ապացուցել, որ կինը կարող է լինել գերզբաղված, բայց հասցնել ամեն ինչ…

«Չեմ սիրում, երբ ինձ խղճում են»,- ասում է նա:

Նախքան ընկերության հիմնումը տանը կիսաֆաբրիկատներ է պատրաստել ու վաճառել: Հետո Վանաձորում առաջինն էր, որ սկսեց ֆուրշետների կազմակերպման  աշխատանքները: Դա 2005 թվականն էր, երբ այդ մշակույթը դեռ չկար: Այդուհետ բոլոր լուրջ միջոցառումները սկսեցին հենց նրբաճաշակ այս կնոջը վստահել:

2016-ից Լուսինեն նորովի սկսեց կիսաֆաբրիկատների արտադրության գործը: Արդեն շուկային ավելի  լավ էր ծանոթ, գործի նրբություններին ևս:

Ուժեղ կին է Լուսինեն: Սակայն պատերազմն ինչպես բոլորին, այնպես էլ իրեն խոցեց: Այժմ ուրիշ կերպ է սիրում իր գործը, քաղաքը, հայրենիքը: Ամեն թուփ ու քարի նայում է կորցնելու վախով:

Որպեսզի չկորցնենք, տնտեսության զարգացման ուղղությամբ ահռելի աշխատանք պետք է տարվի: Ուժեղներից չեն խլում, ուժեղները հաղթում են, այնպես, ինչպես ինքը:

Երբ որդին ծնվեց առողջական որոշակի խնդիրներով, ամուսինը իրեն կանգնեցրեց երկընտրանքի առաջ: Լուսինեն ընտրեց որդուն, և այդուհետ կյանքը նրա համար կռիվ է՝ հանուն որդու, հանուն հարազատների, հանուն երկրի…

Back to top button
Close