Նորություններ

«Նրանք իմանալով են գնացել առաջին գիծ. երգելով մահվան են գնացել». forrights.am

Նարեկ Արտուշյանը նախօրեին կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը` կեսգիշերին ծնողները դիմավորել են Եռաբլուրում: Զոհված զինվորների հարազատներին հայտնի է դարձել, որ Նարեկի 13 հոգանոց զինվորական խումբը հոկտեմբերի 10- ին մեկնել էր մարտական հանձնարարություն կատարելու` երգելով, սակայն հայտնվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածի տակ:

Ժամկետային զինծառայողը ծառայում էր Մեղրիում` եղբոր հետ: Վեց ամիս անց ավագ եղբայրը` Նորայրը զորացրվել է, իսկ Նարեկը շարունակել է ծառայել: Մայրը պատմում է, որ որդիների, ապա միայն Նարեկի ծառայությունը շատ լավ ու հանգիստ էր անցնում ու որ ինքը չէր անհանգստանում որեւէ բանի համար:

Պատերազմի մեկնարկին նա ինը ամսվա զինծառայող էր: Արդեն պատերազմի ընթացքում Նարեկը պարբերաբար զանգահարել է հարազատներին, ասել է, որ լավ է, որ իր մասին չանհանգստանան, հարցրել է, թե ինչ լուրեր են հաղորդում հեռուստատեսությամբ, սակայն չի ասել, թե ինքը որտեղ է: Պարզվել է, որ արդեն վաղուց տեղափոխվել է Արցախ եւ մասնակցում է պատերազմական գործողություններին:

«Զրականում 13 հոգով մի մեքենայով գնացել են առաջնագիծ: Ուրախ երգելով են գնացել: Երգել են «ջաբրայիլի լեռներն այս գիշեր» երգը: ԱԹՍ հարվածից է եղել… Փորձել են նրան հանել, բայց չի ստացվել: Նրանք իմանալով են գնացել առաջին գիծ: Երգելով մահվան են գնացել», — մեզ պատմեց Նարեկի հայրը` Արսեն Արտուշյանը:

Հայտնի է, որ մինչ այդ հրամանատարի եւ զինվորների միջեւ խոսակցություն է եղել: Հրամանատարն ասել է, որ ինքը չի կարող չգնալ առաջնագիծ, քանի որ ինքը Գորիսից է եւ պետք է պաշտպանի իր տան մատույցները, զինվորներին հարցրել է, թե ով է մնում իր հետ: Զինվորներից 13-ը միացել են նրան, 28-ը հեռացել են:

Նարեկը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:

Անի Գևորգյան

forrights.am

Back to top button
Close