Նորություններ

«Կարծես թե Փաշինյանը կտրվել է իրականությունից». փաստաբան

Կարծես թե Փաշինյանը կտրվել է իրականությունից, որովհետև ընդամենը ամիսներ առաջ ԱԺ-ն, կառավարությունը սահմանափակումներ էին կիրառում թուրքական ապրանքների ներկրման համար, տնտեսական հարաբերություններ էին խզում ու այսօր կանգնում ասում են, որ Թուրքիայից դրական ազդակներ կան:

«Ես  չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը էդ օրը ինչ երազ է տեսել, որ նման  միտք արտահայտեց ու ձևացնում է, որ ինչ-որ խաղաղության նախադրյալներ կան:

Թուրքիայի այսօրվա իշխանությունն ամբողջությամբ ծավալապաշտական քաղաքականություն է վարում բոլոր հարևանների հանդեպ, իսկ մեր դեպքում նաև պատմականորեն է այդ քաղաքականությունը վարում: Կարծես թե Փաշինյանը ամբողջությամբ կտրվել է իրականությունից, որովհետև ընդամենը ամիսներ առաջ ԱԺ-ն, կառավարությունը սահմանափակումներ էին կիրառում թուրքական ապրանքների ներկրման համար, տնտեսական հարաբերություններ էին խզում ու այսօր կանգնում ասում են, որ Թուրքիայից դրական ազդակներ կան. դա ուղղակի տարակուսանք է:

Թուրքիան զինված ստորաբաժանումներ է տեղակայել Արցախից զավթած տարածքներում, Բերձորի  միջանցքում զորավարժություններ է  իրականացնում՝ ուղղակի կերպով վտանգելով մեր ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Եվ այս պարագայում նման ոճի, նման բովանդակության հայտարարությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայից դրական ազդակների վերաբերյալ հայտարարությանը:

Արայիկ Պապիկյան
Արայիկ Պապիկյան

Պապիկյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետություններն առնվազն վերջին 3 տասնամյակների ընթացքում, Խորհրդային միության փլուզումից հետո, իրենց բնակչության մոտ՝ սկսած մանկապարտեզային տարիքից, մինչև բուհական կրթությունը, քարոզել են հայատյացություն և թշնամանք, հայերի վերացման և բնաջնջման քաղաքականություն:

«Նման բռնապետությունների հետ խոսել հաշտության, խաղաղության կամ դրական ազդակների  մասին՝ ուղղակի անհեթեթություն է: Մենք չենք  կարող կորցնել մեր զգոնությունը, որովհետև շատ լավ գիտենք, որ ցանկացած պահի նրանք պատրաստ են Հայաստանը բզկտել, հոշոտել: Ադրբեջանի բռնապետն առնվազն շաբաթը 1-2 անգամ Հայաստանի վերացման կամ Հայաստանը զավթելու մասին հայտարարություններ է անում:

Ինչպե՞ս  կարելի է դրանց հետ հարաբերությունները կարգավորելու մասին այսօր խոսել: Նրանք մեզ հետ խոսում են բացառապես ուժի և սպառնալիքի դիրքերից:

Պատերազմից հետո նրանց այդ հռետորաբանությունը խիստ ընդգծված է, բացառված  է խոսել նրանց հետ հարաբերություններ կարգավորելու մասին:

Դա ինքնախաբեություն է, դա նման է նրան, որ գլուխդ դնես իրենց ոտքերի տակ:

Չի կարող նման բան լինել, որովհետև իրեն հարգող ազգը, ժողովուրդը ոչ միայն թույլ չի տա իրեն այդպիսի վարքագիծ, այլև անհրաժեշտության դեպքում ցանկացած ձևով  կանի ամեն ինչ՝ այդպիսի թշնամուն կարգի հրավիրելու համար»,- հայտարարեց Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական իշխանության բոլոր հայտարարությունները կատարվում են Կրեմլից իջած հրահանգներով.

«Մենք արտաքին քաղաքականության առումով որևէ ազդեցություն չունենք, ամեն  ինչ մշակվում է Կրեմլում: Մոսկվան Անկարայի հետ տարածաշրջանի քարտեզը փոփոխության է ենթարկում, հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում:

Մոտավորապես նույն սցենարը գործում է Բաքու-Անկարա հարաբերությունների դեպքում:

Մեր այսօրվա իշխանություններն ուղղակի որպես կամակատարներ հայտարարում են:

Ես զարմանքով եմ լսում և կարդում Հայաստանի իշխանությունների որևէ մեկի հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Կարծես թե Մոսկվայից ստանում են նոր հրահանգ և այդ հրահանգը ներկայացնում են կառավարության նիստի ժամանակ, և դրանով կարծես թե  իրենք ցույց են տալիս, որ հանրության մասին իրենք չեն մտածում, և նրանք ընդամենը կամք  կատարող են»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը:

«Նորություն չէ, որ Ադրբեջանի այս կամ այն պաշտոնյան հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը դուրս մնա Արցախի հարցի շրջանակից: Հայաստանի  դուրս մղման գործընթացն ակտիվ տանում են առաջ: Մենք որպես պետություն, որպես ազգ պետք է ինքներս մեզ հարգենք և դրսևորենք ինքնիշխանության վարքագիծ»,-նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ պարզապես պետք է հզոր  պետությունների օրինակով  քայլեր  ձեռնարկենք և  ճիշտ որոշումներ կայացնենք, ում հետ դաշնակցային հարաբերություններ կունենանք, ում հետ դրացիական. երբ մենք մեզ Փարիզից կամ Վաշինգտոնից մեկնած ձեռքերն արհամարհում ենք, չեն կարող այդ ձեռքերը երկար ժամանակ մեկնած  մնալ, և ամենևին պետք չէ զարմանալ, որ ինչ-որ փուլում Բաքվի և  Փարիզի կամ Բաքվի և Վաշինգտոնի շահերը կհամընկնեն, և այդ ձեռքը կմեկնվի ոչ թե Հայաստանին, այլ Բաքվին:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close