ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Հովհաննեսը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, այնուհետ ենթարկվել դիվերսիոն հարձակման»

Հովհաննես Պորտուգալյանը վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից, այնուհետ դեպի զորամաս տեղափոխվելու ճանապարհին ենթարկվել են դիվերսիոն հարձակման

Պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը, ով պատերազմի օրերին առանց վարանելու մեկնել է Արցախ, վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից, այնուհետև դեպի զորամաս տեղափոխվելու ճանապարհին ենթարկվել են դիվերսիոն հարձակման: Հովհաննեսը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 14-ին։

«Ամուսինս հոկտեմբերի 5-ին Շենգավիթի զինկոմիսարիատից  զինվորական զորակոչով  մեկնեց ռազմաճակատ որպես ՄՈԲ-ի  պահեստազորային, կռվել է Վարանդայում։ Առանց մի օր զորավարժության մասնակցելու, էդպես անպատրաստ Երևանից  միանգամից տեղափոխել են Արցախ: Ամուսինս նույնիսկ իր սեփական երջանկությունը դրեց մի կողմ, որ գնա իրենից երիտասարդներին օգնի, նույնիսկ իր երեխաներին հաջող չի արել, չի համբուրել: Հովհաննեսն ասում էր. «Հերիք եղավ, պիտի գնամ ու թուրքերին իրենց տեղը ցույց տամ, որ թողնենք,  կգան կհասնեն մեր ընտանիքներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը:

ԱԹՍ-ի հարվածիցՀերոսի կինը պատմում է՝ ամուսինը չնայած ոչ  մի անգամ Արցախում չէր եղել, բայց  պատրաստակամությամբ է մեկնել Արցախ՝ ասելով՝ եթե մենք չգնանք, ո՞վ պիտի պաշտպանի մեր հողն ու ջուրը, մեր տունն ու երեխաներին:

«Դեռ չէին հասել Արցախ, ասացի՝ Հովո, ախր դու զորավարժություն չես անցել, էդպես ո՞նց կլինի:

Հովհաննեսը շատ յուրահատուկ մարդ էր. լավ հայր, լավ ամուսին: Շատ երեխայասեր էր, իր համար բոլոր երեխաներն իր գանձերն էին։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Զուսպ էր, հանգիստ, խաղաղ և  հավասարակշռված, շնորհալի մարդ էր: Ինքնուս ստեղծագործում էր՝ քանդակներ էր անում, նկարում էր: Անսահման մեծ սիրտ ու հոգի ուներ, ներող էր, զիջող:

Ես կորցրել եմ իմ թանկին, ինձ հիմա ոչինչ չի սփոփում…

Մենք մինչև պատերազմը երջանիկ ապրում էինք, մենք սիրով ամուսիններ ենք եղել, մեր մեջ  վեճ, վիճաբանություն չի եղել»,- ասում է Հովհաննես Պորտուգալյանի կինը:

Լիանա Պորտուգալյանը պատմում է, որ պատերազմի օրերին, երբ խոսել է ամուսնու հետ, ոչ մի անհանգստություն կամ վախ չի նկատել ձայնի մեջ: Դրանք վայրկյաններ տևող զրույցներ են եղել, բայց գոնե կարողացել է լսել ամուսնու  ձայնը:

ԱԹՍ-ի հարվածիցՀովհաննեսը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից, իսկ տեղափոխվելու ընթացքում ենթարկվել էին դիվերսիոն հարձակման. հոկտեմբերի14-ից Հովհաննես Պորտուգալյանի անուն-ազգանունը հայտնվեց անհետ կորածների ցանկում, և միայն երկար որոնումների արդյունքում մարտի 8-ին հարազատներին է հանձնվել զոհված զինծառայողի մարմինը:

Հովհաննեսի կինը՝ Լիանան, պատմում է՝ չի հավատացել, որ ամուսինը զոհվել է, որովհետև ռազմաճակատից ամուսնու վերաբերյալ տեղեկությունները հակասական են եղել:

Չմարող հույս է ունեցել, որ ամուսինը կարող է գերեվարված լինել: Փորձել է օգտագործել արտասահմանյան կապերը, բայց «Կարմիր  խաչից» ասել են, որ  ամուսնու անուն-ազգանունը չկա գերիների ցուցակում:

Լիանա Պորտուգալյանն ամուսնու մյուս ծառայակից ընկերների ծնողների հետ սկսել է փաստահավաք աշխատանքներ, մասնակցել են որոնողական աշխատանքներին:

Հովհաննես Վիլիկի Պորտուգալյանը ծնվել է 1981թ. հոկտեմբերի 28-ին Երևանում: Ամուսնացած էր, ունի զույգ աղջիկ:

Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Պորտուգալյանը  հետմահու պարգևատրվել է «Տիգրան Մեծ» և «Արիության համար» մեդալներով։

ԱԹՍ-ի հարվածից

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close