Նորություններ

«Մեկ քար՝ մեկ եկեղեցի, մեկ պատմություն»․ միջոցառում Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում

Սեպտեմբերի 8-ին Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու ներսում տեղի ունեցավ տոնական պատարագ և 1937 թ. ավերված եկեղեցու հին քարի հանդիսավոր հանձնումն ու տեղադրումը նոր եկեղեցում։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Իմպուլս» ընկերությունը՝ Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Տավուշի թեմի հետ համատեղ:

Եկեղեցու պատերի երկայնքով «կենդանի շղթա» էին կազմել Դիլիջանի 78 բնակիչներ: Սա այն թիվն է, որը խորհրդանշում է 1937 թ․ քաղաքի եկեղեցու ավերումից մինչև 2015 թ․ նոր եկեղեցու քարի օծումը ընկած ժամանակահատվածը:

«Եկեղեցին մեր ընդհանուր Աստծո տունն է, այսօր շատ դիլիջանցիներ են եկել, և ես ուրախ եմ, որ նման գաղափարները միավորում են մեր բնակիչներին: Միջոցառման էությունն այն է, որ յուրաքանչյուր բնակիչ ներգրավված է այս եկեղեցու կառուցման գործում, մենք մեծ գաղափարի մաս ենք կազմում և ունենք ընդհանուր խնդիր `մեր երեխաներին փոխանցել մեր գիտելիքը, հավատը, մշակույթը», — ասում է Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Քարի փոխանցման արարողության մասնակիցները կազմեցին շղթա ըստ տարիքային խմբի՝ մեծից մինչև կրտսեր: Միջոցառման ամենափոքր մասնակիցը շուրջ մեկ ամսական էր. երեխան մոր գրկում մասնակցեց նոր եկեղեցում սուրբ մասունքի փոխանցման արարողությանը: Կարևոր է ոչ միայն պահպանել հավատքը, այլև կարողանալ փոխանցել այն երիտասարդ սերնդին: Հենց այս գաղափարն էր, որ ակցիայի կազմակերպիչները փորձեցին փոխանցել մարդկանց շղթայի միջոցով՝ փրկված քարը փոխանցելով միմյանց։

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էին քաղաքի հարյուրավոր բնակիչներ, այդ թվում ՝ տեղական կառավամարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Քաղաքի ակտիվ բնակիչներից մեկը ՝ մարզիչ Գարիկ Թովմասյանը, դրամահավաք է նախաձեռնել Դիլիջանի մարզադահլիճի սաների շրջանում։ Թովմասյանը նախատեսում է հավաքված ողջ գումարը փոխանցել եկեղեցու կառուցմանը։ Միջոցառման շատ մասնակիցներ հենց տեղում միացան  նախաձեռնությանը։

Անահիտ Սահակյանը, ում ընտանիքը կարողացել է փրկել քարը ավերված եկեղեցուց և պահել սեփական տան բակում, կիսվեց իր տպավորություններով. «Այս քարը ուխտագնացության և աղոթքի վայր էր մեր ընտանիքի համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այս նախաձեռնությունը մեզ թույլ տվեց կիսել մեր ընտանեկան ժառանգությունը քաղաքի բոլոր բնակիչների հետ: Այժմ քարի այս հզորությունը կծառայի ոչ միայն մեկ ընտանիքի, այլ ամբողջ քաղաքի»:

Քարի փոխանցման արարողությունը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը: Պատարագը մատուցեց Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Բագրատ Սրբազանը վերհիշեց կատարվածի կարևորությունը. «Մեր մեծերը ապրել են այստեղ, սխրանքներ գործել։ Ես հավատում եմ, որ մեր տղաների թափված արյունը կդառնա հոգևոր Հայաստանի վերածննդի խորհրդանիշ: Մենք քանդեցինք այս եկեղեցին, ժամանակն է, որ մենք էլ կառուցենք այն: Մենք ապրում էինք փողոցում (խոսում ենք եկեղեցու մասին), այժմ կապրենք տաճարում»:

Հիշեցնենք, որ նոր եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին: Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ եկեղեցու կառուցման հետ կապված համաքաղաքային բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են սպասում դիլիջանցիներին: Հաջորդ միջոցառումը նախատեսվում է այս տարի հոկտեմբերին:

Դիլիջանի նոր կառուցվող

Back to top button
Close