Նորություններ

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ դեռեւս չի ներկայացվել

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին թեկնածուների առաջադրմանը մնացել են հաշված օրեր, բայց բացի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից եւ նորաստեղծ «Գյումրին կռնա՛» դաշինքից, մյուս ուժերը դեռևս չեն հայտարարել՝ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, թե ոչ

Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից:

Գյումրի ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2-ին, տևելու է մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժ.18:00-ն, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու:

Գյումրիում ավագանու ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության հայտ դեռևս չի ներկայացվել:

«Հարցնողներ եղել են, եկել փաստաթղթերից, ցանկից են հետաքրքրվել, բայց դեռևս մեզ փաստաթղթեր չեն ներկայացրել: Ես սա ասում եմ այս պահի դրությամբ, գուցե կես ժամ կամ մեկ ժամ հետո ինչ-որ մեկը գա և փաստաթուղթ ներկայացնի:

Ոչ մի արտառոց բան չկա, կուսակցությունները վերջին օրերին են սկսում ներկայացնել իրենց մասնակցության փաստաթղթերը: Կուսակցությունների ներսում կարող են տարբեր խնդիրներ լինել՝ կապված կուսակցական, անկուսակցական լինելու հետ: Կուսակցությունների և դաշինքների ներսում խմորումներ կարող են լինել, քաղաքապետի իրենց թեկնածուի խնդիրը և այլն»,- հայտարարեց Տիգրան Ղազարյանը:

Ղազարյանը թեկնածուներին հորդորում է, որ ոչինչ չթողնեն վերջին օրվան, որպեսզի հնարավոր լինի թերությունները կամ անճշտությունները շտկել:

Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ-ի որոշմամբ 31 տարածքային հանձնաժողովը վերահսկելու է 82 տեղամասային հանձնաժողով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում կայանալու են ավագանու ընտրություններ, որոնք անցկացվելու են համամասնական ընտրակարգով։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Անահիտ Չալիկյան

Back to top button