Խաղաղությունն անընդհատ ունենալու է ուժով պաշտպանելու անհրաժեշտություն. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով՝ մենք այնպիսի ռեգիոնում ենք, որ խաղաղությունն անընդհատ ունենալու է ուժով պաշտպանելու անհրաժեշտություն, եւ պետք է արտաքին քաղաքական ասպարեզում առավելագույնս ընդլայնել խաղաղության օրակարգի քաղաքական աջակցությունը:
Վերջին շրջանի սահմանային միջադեպերի ֆոնին խոսվում է խաղաղության դարաշրջանի բացման մասին, իշխանական և մերձիշխանական շրջանակները խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակման և հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա Հայաստանին կոմունիկացիաների բացումը, և հայ-թուրքական դրացիական հարաբերությունները որքանո՞վ է իրատեսական այս պայմաններում:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.
«Հայ-թուրքական հարաբերությունների շոշափելի կամ առարկայական առաջընթացը ներկայումս իրատեսական չէ, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրվեն խնդիրներ այդ ուղղությամբ: Խոսքը ոչ թե հայ-թուրքական հաշտեցման մասին է, այլ հայ-թուրքական ուղիղ երկխոսության: Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ ուղիղ խոսել մեր անհամաձայնությունների և խնդիրների մասին և այդպիսով փորձել մեղմել անվտանգային որոշակի ռիսկեր, մասնավորապես Հայաստանի համար:
Մենք տեսնում ենք, որ այդ մասին խոսում են 3-րդ երկրները, և մենք դուրս ենք մնում՝ հայտնվելով Թուրքիայի և երրորդ երկրների խոսակցությունների օբյեկտի դերում:

Իրավիճակը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում լարված է և տագնապային, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք խաղաղության մասին, և խաղաղության մասին խոսելը մեզ որևէ կերպ չի խանգարում, որ մտածենք մեր ուժեղանալու մասին, որովհետև «խաղաղության դարաշրջանը» մեզանից նաև ուժ է պահանջելու:
Հայաստանը երբեք չի էլ խոսել պատերազմի մասին, անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանն օրը 3 անգամ պատերազմով էր սպառնում Հայաստանին, այլ նաև այն ժամանակ, երբ պարտադրել էր «սողացող պատերազմ» Արցախի և Հայաստանի սահմաններին: Այսինքն՝ չպետք է հակադրվի պատերազմի պատրաստ լինելը խաղաղության մասին խոսելուն: Կարծում եմ, որ խաղաղությունը պետք է լինի Հայաստանի նպատակը, հատկապես այն ռազմաքաղաքական միջավայրում, երբ մենք տեսնում ենք բազմապատիկ սպառնալիքների ճակատ»,- հայտարարեց Բադալյանը:
Քաղաքագետի խոսքով՝ խաղաղության մասին մենք ունենք մեր պատկերացումը, Ադրբեջանը՝ իր:
«Մենք ասում ենք, որ որպես պետություն մեր նպատակը ռեգիոնալ խաղաղությունն է, եթե նայում ենք՝ Ադրբեջանն էլ է խոսում խաղաղության մասին, բայց իր օրակարգով և իր պայմաններով: Հասկանալի է, որ Հայաստանի պատկերացումն էլ պետք է լինի իր օրակարգի շրջանակում:
Այս տեսանկյունից, եթե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության, ապա դա չի նշանակում, որ մեր նպատակը չպետք է լինի խաղաղությունը:
Մենք այնպիսի ռեգիոնում ենք, որ խաղաղությունն անընդհատ ունենալու է ուժով պաշտպանելու անհրաժեշտություն»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով՝ պետք է արտաքին քաղաքական ասպարեզում առավելագույնս ընդլայնել խաղաղության օրակարգի քաղաքական աջակցությունը:
Հակոբ Բադալյանը, անդրադառնալով օկուպացրած Քաշաթաղի շրջանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հայտարարեց.
«Այն ուղերձները, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս տարիներ շարունակ, ապացուցում են, որ նրանք շարունակելու են իրենց ռեգիոնալ քաղաքականությունը կառուցել ուժի դիրքից, և ուժը դիտարկելու են որպես քաղաքական խնդիրները լուծելու միջոց: Այլ հարց է՝ կունենա՞ն հնարավորություն այդ ուժը կիրառելու, կամ կլինի՞ կիրառման համապատասխան ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական միջավայր, թե՞ ոչ:
Նրանց ուղերձը հենց դա է, որ ուժը լինելու է նրանց քաղաքականության առանցքային գործիքներից մեկը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար»:
Անահիտ Չալիկյան