ՆորություններՔո ձայնը

Նորից հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Հայ-թուրքական թեման նույնացվում է տնտեսական հարցերի հետ. սա փակուղի տանող մոտեցում է»

«Նորից հայ-թուրքական հարաբերությունների մասին. հնարավորինս կարճ, ավելի մանրամասն կփորձեմ հիմնավորել մի առանձին հոդվածով, որքան էլ իրոք այս թեման ինձ բավականին հոգնեցրել է, բայց ինչպես ասում են, կպել ես, պետք է խաղաս»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Իմ մտահագությունները:

Հարցն այն է, որ եթե հայ-թուրքական թեման մտնում է գործնական փուլ, վախենամ, թե մենք չունենք ոչ միայն պատրաստի քաղաքական տեսություն, այլև փիլիսոփայություն: Իսկ դա այս դեպքում անհրաժեշտություն է:

Ի՞նչ նկատի ունեմ:

Հայ-թուրքական թեման անընդհատ նույնանում է սահմանների, ճամփեքի բացման խնդրի հետ: Սա պատահական չէ, այլ բխում է փիլիսոփայությունից: Միակ փիլիսոփայությունը, որ մենք ունենք այս և նման թեմաների վերաբերյալ, 1990-ականների հետսովետական լիբերալիզմի ժառանգությունն է: Ըստ այդմ՝ առևտուրը հաշտեցնում է ժողովուրդներին, և քաղաքական խնդիրների լուծման բանալին է:

Համապատասխանաբար, հայ-թուրքական թեման նույնացվում է տնտեսական հարցերի հետ: Սա փակուղի տանող մոտեցում է:

Բացի փիլիսոփայությունից, որը հիմքով սխալ է, առևտուրը երբեք չի խանգարել ժողովուրդներին թշնամանալ ու պայքարել:

Ճամփեքի, սահմանի հարցը պետք է 10-րդ տեղը զբաղեցնի հայ-թուրքական օրակարգում, եթե այդպիսին ի վերջո գործնական դառնա: Առաջնայինը և որոշողը պետք է լինի քաղաքականը:

Ի դեպ, ճամփեք բացող-փակողը ոչ մենք ենք, ոչ էլ նույնիսկ մենակ Թուրքիան: Հայ-թուրքական սահմանն, ըստ էության, ռուս-թուրքական է, և դրա բացումը տարածաշրջանային հարց է, և չի կարող լուծվել միայն հայ-թուրքական ֆորմատով: Նույնիսկ կասեի՝ հայ-թուրքական ֆորման այստեղ երկրորդական է: Կախված ռեգիոնալ մեծ իրավիճակից, ճամփեն ոնց կբացվի էսօր, այդպես էլ վաղը կփակվի:

Մեզ, կրկնեմ, պետք է քաղաքական խնդիր դնել:

Ոչ մի ուտոպիզմ՝ ժողովուրդների հաշտություն, ներում, չգիտեմ ինչ: Դա օդ է:

Կոնկրետ քաղաքական՝ ինչի՞ համար է մեզ այսօր պետք, եթե պետք է Թուրքիայի հետ խոսակցությունը: Եվ ինչի՞ համար է դա պետք, եթե պետք է Թուրքիային:

Ըստ իս՝ մեր խնդիրն է՝ Թուրքիայի հետ խոսակցությամբ, դեռ չեմ ասում հարաբերությամբ, բալանսավորել մեր հարաբերությւոնները տարածաշրջանում:

Զրկել Ադրբեջանին Թուրքիայի հետ հարաբերությունների մենաշնորհից, ինչից Ադրբեջանը լիուլի օգտվում է: Եթե հնարավոր կլինի, և որքանով հնարավոր է առանձնացնել Թուրքիայի հարցը Ադրբեջանի հարցից: Նաև՝ մեր ներքին ընկալման տեսակետից: Բարդ է, բայց լուրջ հարցերը չունեն հեշտ լուծումներ: Հեշտ լուծումների արդյունքն այսօր վայելում ենք:

Եթե ստացվի, փորձել բալանսավորել ռուսների հետ հարաբերությունը Թուրքիայի հետ թեկուզ 5 տոկոս հարաբերությամբ: Պակասեցնել ռուսների հնարավորությունը մեր դեմ թուրքական մահակը մշտապես օգտագործելը:

Եվ հիշել: Եթե Թուրքիան իրապես ուզում է մեզ հետ խոսակցություն, ուրեմն դա իրեն էլ պետք է՝ ոչ միայն մեզ: Մենք ավելի թույլ դիրքերում ենք, դրա համար պետք էր նախաձեռնել դեռ պատերազմից առաջ, բայց ունենք այն, ինչ ունենք: Բայց նույնիսկ թույլ դիրքում, որոշակի արժեք ենք:

Մնացածը, կներեք, բայց ավելի ուշ, ոչ այսօր: Կներեք, եթե մեկնաբանություններին չհասցնեմ պատասխանել, առայժմ:

Հ.Գ. Հա, ես գիտեմ Թուրքիայի նախապայմանների մասին

Հ.Գ. Ինձ հանկարծ հերթական անգամ չպատմեք՝ ինչ վատն են թուրքերն ու Թուրքիան: Ես դա 4 տարեկանից գիտեմ, ընդ որում թուրքական ոճիրների ականատես իմ նախնիներից, ոչ թե գրքերից: Եթե պատմելու ցանկություն ունենաք, պատմեք ձեր երեխեքին, ծայրահեղ դեպքում՝ թարմ ականջ արտասահմանցիներին, բայց ոչ ինձ»,-գրել է Տեր-Աբրահամյանը:

 

Back to top button