Նորություններ

«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական գործողությունների». փորձագետ

«Պատերազմի վտանգը կա և միշտ էլ եղել է, և վստահ կարող եմ ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական գործողությունների, և իրենք դրա մասին չեն էլ թաքցնում»

«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական գործողությունների, և իրենք դրա մասին չեն էլ թաքցնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:

«Քաշաթաղում իրականում զորավարժանքներ են, և այդ զորավարժանքները սակավամարդ են, իրենցից զինտեխնիկայի տեղաշարժ չեն ենթադրում, բայց, այնուամենայնիվ, պետք է նաև շեշտել, որ այդ զորավարժանքներն իրենց բնույթով սադրիչ են, որովհետև փխրուն իրավիճակով պայմանավորված տարածաշրջանում միջնորդական առաքելություններ են իրականացվում խաղաղության հասնելու համար, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հանկարծ որոշում են իրականացնել զորավարժանքներ:

Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է պարզապես դիվանագիտական խողովակներով կարողանա Ադրբեջանին զսպել և հասնել նրան, որ Ադրբեջանն առնվազն Արցախից օկուպացված տարածքներում զորավարժանքներ չանցկացնի, և կարծում եմ, որ եթե մենք սրան չանդրադառնանք, ապա հաջորդն իսկապես լինելու է զորավարժություններ»,-նշեց ռազմական փորձագետը:

Հովհաննիսյանի կարծիքով՝ պատերազմից հետո թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար է արվում, այլ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

«Պատերազմի վտանգը կա և միշտ էլ եղել է, և վստահ կարող եմ ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական գործողությունների, և իրենք դրա մասին չեն էլ թաքցնում: Ալիևը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իրենք ռազմական ճանապարհով են լուծելու հարցերը»,- հայտարարեց ռազմական փորձագետը:

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, և ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայված են ժամանակավորապես։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը նման հայտարարություններով։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:

Հարցադրմանն անդրադառնալով՝ ռազմական փորձագետը հայտարարեց.

«Ադրբեջանի գերնպատակը այն է, որ Հայաստանին դուրս մղի այդ գործընթացներից և ինքը դառնա իրավիճակի տերը:

Այնպես չէ, որ Ադրբեջանն առաջին անգամ է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կամ Ադրբեջանի տարածք է: Ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված՝ կարծում եմ, որ Հայաստանի, Արցախի Հանրապետության հետ ևս որոշակի իրավական մեխանիզմներ մշակել է կամ մշակում է: Ադրբեջանի այդ հայտարարությունները մշտապես էլ եղել են և գերնպատակը Հայաստանին Արցախի հետ կապված գործընթացներից դուրս մղելն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը, անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերում ռուս սահմանապահներ տեղակայելու փաստին, հայտարարեց.

«Ցանկացած պարագայում ես դեմ եմ, որ երկրի անվտանգությունը հանձնվի մեկ այլ երկրի, որովհետև դա վտանգավոր է:

Կարծում եմ, որ դա խնդրահարույց է, որովհետև պետության սահմանների պաշտպանությունը հանձնել մեկ այլ պետության նշանակում է քո ուսերի պատասխանատվությունը գցել մի կողմ, ազգային անվտանգության պատասխանատվությունը գցել մեկ այլ երկրի վրա:

Եթե թույլ ես, չես կարող կազմակերպել քո սահմանների պաշտպանությունը, ուժեղացի՛ր, ոչ թե անվտանգությունդ հանձնես ուրիշներին, և էդ ուրիշն էլ կարող է իր ազգային շահերից ելնելով՝ սկսի առևտուր անել»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button