ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Մայրը կամավոր մեկնել էր Արցախ՝ զինվորների համար հաց թխելու, եւ այնտեղ էլ ստացել է զինվոր որդու մահագույժը

Էդ ժամանակ ես, չիմանալով, որ որդիս զոհվել է, շարունակել եմ մնալ Արցախում, մինչև ինձ ասացին Էդգարիս զոհվելու մասին, պատմում է հերոսի մայրը

«Ես հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, ես երբեք չեմ չարացել ու չեմ էլ չարանա, և էն հայրենասիրությունը, որ ես ստացել եմ ծնված օրվանից, նույնը փոխանցել եմ իմ երեխաներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Էդգար Մարգարյանի մայրը ՝ Արսինե Սահակյանը:

Նռնակաձիգ Էդգար Հրաչյայի Մարգարյանի ծննդյան օրը (ծնվ.2000թ.-ի սեպտեմբերի 27-ին) սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: 20-ամյա ժամկետային զիծառայողը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է մարտական գործողություններին Հադրութի շրջանի Կարախամբեյլի կոչվող տեղամասում:

Էդգար Հրաչյայի Մարգարյանը մինչև վերջին շունչն աննահանջ կռվել է, հոկտեմբերի 1-ին հերոսաբար ընկել հենակետում:

«Էդգարիս փոքրուց ենք դաստիարակել հայրենասիրական ոգով: Երբ արդեն պիտի զորակոչվեր բանակ, համառորեն ասում էր, որ եթե վիճակահանության ժամանակ Արցախը չքաշի, ապա ինքնակամ կգնա Արցախ: Ասում էր՝ տղեն պիտի Արցախում ծառայի, որ ասի ծառայել է. Արցախն իմ պաշտպանության կարիքն ունի: Այդպես էլ եղավ. 2019թ.-ին Էդգարս զորակոչվեց բանակ, ծառայում էր Արցախում՝ Հադրութի զորամասում, հաստիքով՝ նռնակաձիգ:

Ծառայությունից չէր դժգոհում, Էդգարն անգամ դժվարություններին պատասխանում էր հումորով և ժպիտով:

Էքստրիմի սիրահար էր. իր խիզախությունն ու ծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները դրսևորել է նաև կռվի դաշտում, չի ենթարկվել նահանջ հրամանին և իր անբաժան զենքի՝ նռնականետի շնորհիվ ջախջախել է թշնամու բազմաթիվ զրահատեխնիկա և մարդուժ:

Էդգարս եղել է ուժեղ դիրքապահ, այդպես էին ասում հրամանատարները: Սիրում էր հայրենիքը և մինչև վերջին շունչն էլ հավատարիմ մնաց տված երդմանը:

Էդգարս չափից ավելի բարի էր, կամեցող, ընկերասեր, խաղաղ էր ու հարուստ էր դրական լիցքերով: Դպրոցում շատ էր սիրում մաթեմատիկա առարկան, ամեն տարի մասնակցում էր «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և բավականին բարձր միավորներ էր վաստակում:

Շատ նպատակներ ուներ… նպատակ ուներ ծառայությունից վերադառնալուց հետո ընդունվել մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետ, շատ էր սիրում լուսանկարչություն»,-շարունակում է զինծառայողի մայրը:

Տիկին Արսինեն պատերազմի օրերին կամավոր մեկնել է Արցախ, զինվորների համար հաց է թխել:

մայրը«Էդ ժամանակ ես, չիմանալով, որ որդիս զոհվել է, շարունակել եմ մնալ Արցախում, մինչև ինձ ասացին Էդգարիս զոհվելու մասին:

Ես երկար ժամանակ եմ փնտրել Էդգարիս… զոհվել է հոկտեմբերի 1-ին, բայց հուղարկավորել ենք հունվարի 19-ին:

Ես հպարտ եմ, որ Էդգարիս նման հերոս տղա եմ դաստիարակել ու տվել հայրենիքին: Ցավոտ է, ես ամենաթանկիս եմ տվել հայրենիքիս, բայց հպարտ եմ:

Էդգարիս երազանքներն են ինձ ապրեցնում, նախ փորձում եմ որդուս արածի դիմաց արժանի ապրել:

Ես չարացած չեմ, ոչ էլ վրեժով եմ լցված, ուղղակի ուզում եմ ծառայել երկրիս, հողիս, ու պետք է ապրենք այնպես, որ վաղը-մյուս օրը մեր «Եռաբլուրն» էլ չկորցնենք»,- ասում է պատերազմում զոհված 20-ամյա հերոսի մայրը:

Էդգար Հրաչյայի Մարգարյանը իր հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close