Աֆղանստանի նոր կառավարությունում կանայք չեն լինի

Աֆղանստանի նոր կառավարությունը հնարավորինս շուտ կձևավորվի, սակայն այնտեղ կին նախարարներ չեն լինի, ասել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ասել է Մուջահիդն իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում:
«Մենք հնարավորինս շուտ կձևավորենք ազգային միասնության կառավարություն: Մենք կցանկանայինք ստեղծել կոմպակտ կառավարություն՝ նախկին նախարարությունների կեսի չափով»,-ասել է նա:
«Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ «մեծ հարցական նշանը» շարունակում է մնալ Փանջշիրի շրջանի բնակչությունը, որի հետ երկխոսությունը արդյունք չի տալիս: «Խաղաղության գործընթացը, որի վրա մենք հույս էինք դնում, ավելի է բարդանում: Մենք պահանջել ենք, որ Փանջշիրի զորքերը հանձնվեն՝ կառավարություն մտնելու համար, հակառակ դեպքում նրանք կջախջախվեն»,-ասել է Մուջահիդը:
Պատասխանելով այն հարցին, թե կանայք կարո՞ղ են լինել երկրի նոր կառավարությունում, Մուջահիդն ասել է. «Ոչ որպես նախարարներ, այլ հետևելով Ղուրանի կանոններին և շարիաթի օրենքներին համապատասխան, կանայք կարող են, օրինակ, աշխատել նախարարություններում, ոստիկանությունում կամ դատական համակարգում՝ որպես օգնականներ»: Բացի այդ, Մուջահիդը նշել է, որ աֆղանուհիները կկարողանան սովորել համալսարաններում:
Խոսելով Աֆղանստանի նոր իշխանությունների միջազգային կապերի մասին՝ «Թալիբանի» ներկայացուցիչն ասել է, որ Չինաստանն իրենց հիմնական գործընկերն է, որը պատրաստ է ներդրումներ կատարել և վերականգնել երկիրը:
«Չինաստանը մեր դարպասն է դեպի աշխարհի շուկաներ»,- հավելել է Մուջահիդը: