ՆորություններՏնտեսական

«Միայն հայտարարելով, որ փայ չենք մտնելու, ներդրում չի գալու». տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարևորել է կառավարող ուժի քաղաքական կամքը՝ տնտեսությունում արմատական փոփոխություններ անելու հարցում:

Ի՞նչ փոխվեց տնտեսական ոլորտում 2018 թվականից հետո: Դրական արդյունքը կոռուպցիայի մակարդակի և ազդեցության նվազումն էր՝ մաքսային, հարկային և այլ ոլորտներում, ասում է տնտեսագետը, միևնույն ժամանակ հավելում.

«Սակայն միայն  հայտարարելով, որ փայ չենք մտնելու, փող չենք վերցնելու, ներդրում չի գալու, քանի որ ներդրողին ոչ կոռումպացված միջավայրից բացի, անհրաժեշտ են իր խնդիրները լուծող մարդիկ և ինստիտուտներ: Մենք չունենք այդ ինստիտուտներն ու մարդիկ, ովքեր պատրաստ են լուծել ներդրողների խնդիրները: Օրինակ՝ ներդրողին պետք են տարբեր շինթույլտվություններ, եթե նախկինում  կաշառքով, միջնորդությամբ իրենք կարողանում էին մի քանի ամսում վերցնել թույլտվությունը, հիմա չկա դա, բայց լուծումն էլ չկա: Այսինքն, հին համակարգը քանդվել է, նորը չի ստեղծվել, և հիմա բիզնեսը լուրջ խնդիրներ ունի»:

տնտեսագետ
Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է, որ ներկայիս պաշտոնյաները հնարավորինս փորձում են խուսափել պատասխանատվությունից:

«Ցանկացած որոշում պատասխանատվություն է: Հիմա ամենափոքր խնդրի դեպքում պաշտոնյան չի վերցնում պատասխանատվություն: Ասում են՝ գնա՛, փորձիր գտնել լուծումը: Ես ներդրողներ գիտեմ, որ թույլտվության համար տասն անգամ դիմել են, տասն անգամ հետ են տվել: Ասում են՝ սա թերի է: Հա, հասկացանք՝ թերի է, լուծումն առաջարկեք: Լուծում չեն առաջարկում: Ասում են՝ խնդիր ունես… Այստեղ ներդրումային պրոցեսն ուղղակի ընդհատվում է: Մարդը հայտնվում է խնդրի առաջ»։

Կառավարության խնդիրն է՝ պետական ինստիտուտների ստեղծումը, որակյալ աշխատակազմի ձևավորումը: Պարսյանի խոսքերով՝ տարբեր պատճառներով անցած երեք տարիների ընթացքում միջին օղակի բավականին փորձառու, գործից հասկացող մասնագետներ հեռացան՝ «վստահելի չես» պիտակով: Արդյունքում տարբեր ոլորտներում չկան պատասխանատվություն վերցնող մասնագետներ:

«Իսկ նրանք, ովքեր նշանակվում են նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանք էլ փորձառու չեն: Ի՞նչ է ստեղծվում: Երբ որ ենթական գալիս ասում է՝ այսպիսի մի հարց կա, ուզում եմ, որ լուծենք, վերադասն ասում է՝ լավ, թող մնա, դեռ կտեսնենք: Այդ «կտեսնենքը» տևում է 2-3-4 ամիս: Այսինքն, այնտեղ, որտեղ պետք է, որ ղեկավարը որոշում կայացնի, իր անփորձությունից ելնելով ինքն այդ որոշումը չի կայացնում, հետաձգում է… Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ մեկ տարով են եկել պաշտոնի: Մտածում են, որ մինչև տարվա ավարտը իրենք կտեղափոխվեն այլ աշխատանքի…»:

Մյուս հարցը, որն անհրաժեշտ է լուծել, մենաշնորհների առկայությունն է:  Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ եթե չի հաջողվում մենաշնորհների հարցին լուծում տալ, ո՛չ տեղի, ո՛չ օտարերկրյա գործարարներից ներդրումների պետք չէ սպասել:

«Պետությունը պետք է տարանջատի մանրածախ և մեծածախ առևտուրը: Մեծածախ վաճառողը չպետք է մանրածախ շուկայում գործունեություն իրականացնի, քանի որ ինքը մեծածախ գներով մանրածախ առևտուր է անում: Դա վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, դեղորայքին, բենզինին, դիզվառելիքին և այլն: Այս տարանջատումը պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի առողջ մրցակցություն ստեղծել:

Անհրաժեշտ է, որ  ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը գործի անկախ, վայելի վստահություն և  հստակ տարանջատված լինի մենաշնորհներից»:

«Երբ որ դրամն արժեզրկվում էր, ժամ առ ժամ ապրանքների գները փոխվում էին խանութներում: Արդեն 2 ամիս է դրամն արժևորված է, բայց ապրանքների գները մնացել են նույնը, ավելին, որոշ ապրանքատեսակներ թանկացել են: Հունվար-հուլիս ամիսներին մենք ունենք 6,1% գնաճ, իսկ պարենային ապրանքների մասով 8,5%, այն դեպքում, երբ միջին աշխատավարձն աճել է 5,4%-ով»,- ասում է տնտեսագետը:

Հարցադրմանը, թե ինչն է խնդիրը, որ թեկուզ ցավոտ լուծումների չեն գնում ոլորտում էական բարեփոխումներ անելու, Սուրեն Պարսյանը նշում է.

«Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանում օլիգարխիկ ինստիտուտների դեմ կռիվ մղել, որովհետև այդ ինստիտուտները այս կամ այն ձևով իրենց հետ կապված են, արդեն նույնիսկ խորհրդարանում են…»:

Back to top button
Close