ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններՏնտեսական

«Օլիգարխները բարի աչքերի համար չեն անում. մենաշնորհները ՀՀ-ում պահպանվում են»

«Երբ իշխանությունները ասում են՝ օտարերկրացի ներդրող, արի՛ Հայաստանում արտադրություն դիր կամ այս ապրանքը բեր, պետք է հասկանանք, որ մեր մենաշնորհները իրենց լծակներով ուղղակի կխեղդեն ցանկացած օտարերկրացի ներդրողի»

«Ինչպես նախկինում, այպես էլ հիմա մենաշնորհները մնացել են»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Կառավարության ծրագրում նշված է, որ այն բխում է գործող իշխանությունների մինչև 2050 թվականի ռազմավարական ծրագրից, որի դրույթներից մեկի համաձայն՝ 2050 թվականին մեր ՀՆԱ-ն պետք է տասնհինգապատկվեր: Որպեսզի 15 անգամ մեր ՀՆԱ-ն ավելանա, մենք պետք է տարեկան միջինում 10 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենանք: Այսինքն, իրենց ներկայացրած այս ծրագիրը չի բխում իրենց ռազմավարական ծրագրից, որովհետև 2021-2026 թթ. համար նախանշված 7 կամ 9 տոկոսով այդ աճը չեն կարողանալու ապահովել»,-ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսագետը միևնույն ժամանակ հարցադրում է անում՝ արդյո՞ք այս Ազգային ժողովը կարողանալու է վերահսկել Կառավարության ծրագիրը: Կառավարող քաղաքական ուժի պատգամավորները որևէ առաջարկություն կամ որևէ քննադատական խոսք չեն հնչեցրել 5-ամյա ծրագրին առնչվող:

«Այնպիսի տպավորություն էր, թե Ազգային ժողովն էր գրել այս ծրագիրը… թեև ես վստահ եմ, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը տեղյակ էլ չէր, չէին էլ կարդացել. այս Ազգային ժողովն ուղղակի չի կարող վերահսկել այս կառավարության հետագա գործունեությունը»:

 

Սուրեն Պարսյանը թերահավատ է կառավարության՝ 7 կամ 9 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստմանը ևս: Ասում է՝ հնարավոր է մեկ-երկու տարի հնարավոր լինի ապահովել, բայց այնպիսի տնտեսական մոդել, որը զարգացման երկարաժամկետ հեռանկարներ կխոստանա, Հայաստանում չի ձևավորվել:

Այսօր իշխանությունները խոստանում են փոխել տնտեսական ամբողջ համակարգը:

«Ինչպե՞ս են նրանք այդ համակարգը փոխելու. հանքարդյունաբերությունն ավելի զարգացնելո՞վ: Օրինակ՝ անցած տարի մեր արտահանման մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը 32 տոկոս էր, հիմա՝ 38 տոկոս: Լավ, Ամուլսարն էլ մյուս տարի շահագործեցին, դարձավ 45-50 տոկոս: Սա՞ է մոդելը: Այս ծրագրի մեջ չկան նման մոդելներ կամ գաղափարներ, որոնք թույլ կտան երկարաժամկետ աճ ունենալ»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Կառավարության ծրագրում չի խոսվում մենաշնորհների ազդեցության մասին: Բանախոսը նկատում է՝ ինչպես նախկինում, այպես էլ հիմա մենաշնորհները մնացել են:

«Եթե նախկինում նրանք վարչական և տնտեսական գործիքներով էին իրենց ազդեցությունը պահպանում շուկայում, հիմա վարչականը չկա, բոլորն են կարողանում x ապրանքը ներկրել, բայց տնտեսական գործիքը պահպանվում է: Նրանք տիրապետում են մանրածախ շուկային, բենզալցակայանների ցանցին… Երբ որ դու որոշում ես ապրանքը բերել, ուղղակի չես կարողանում վաճառել: Երբ իշխանությունները ասում են՝ օտարերկրացի ներդրող, արի՛ Հայաստանում արտադրություն դիր կամ այս ապրանքը բեր, պետք է հասկանանք, որ մեր մենաշնորհները իրենց լծակներով ուղղակի կխեղդեն ցանկացած օտարերկրացի ներդրողի»:

Back to top button
Close