Նորություններ

Շարային ստուգատես՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Երևանի գնդի ծառայողներն անցկացրեցին շարային ստուգատես՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ավանդաբար ամեն տարի ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական շրջանի մեկնարկին, անցնում մեկամսյա ուժեղացված ծառայության։

Օգոստոսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապակում անցկացվեց ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես: Ստուգատեսին ընդգրկված էին նաև տրանսպորտային միջոցներ:

Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ուշադրության կենտրոնում անձնակազմի շարային կեցվածքն էր, արտաքին տեսքը, ծառայության մեջ ամենօրյա պահանջվող պարագաների առկայությունը:

Ստուգվեց նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը: Տրանսպորտային միջոցներում պետք է նաև դեպքի վայրը սահմանափակող ժապավեն և բուժօգնության պարագաներ լինեն։

Ամփոփելով արդյունքները` ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանման պետերին թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ ցուցումներ տվեց՝ կրկին շեշտելով, որ ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելիս անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով:

Back to top button