Նորություններ

Դրախտիկում բախվել են Mazda-ն ու Range Rover-ը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 31-ամյա Ռաֆայել  Մարտիրոսյանի վարած Range Rover և 35-ամյա Վարդան Դավթյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button