Նորություններ

«Ալիևը գիտակցում է, որ ժամանակը թյուրքական կողմի օգտին չի աշխատում»

Նման վարքի պատճառը շտապողականությունն է, քանի որ Ալիևը գիտակցում է, որ ժամանակն արդեն թյուրքական կողմի օգտին չի աշխատում:

Ալիևը շտապում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր պարտադրի Հայաստանին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Ըստ նրա՝ դա է Ալիեւի նման վարքի պատճառը:

— Պարոն Հայրապետյան, ադրբեջանական կողմը երկու օր փակել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որը բանակցությունների արդյունքում բացվեց: Ձեր կարծիքով՝ նման անթաքույց լկտի սադրանքի դիմելով՝ Ադրբեջանն ի՞նչ է փորձում պարտադրել կամ կորզել Հայաստանից:

— Ալիևի նման վարքի պատճառը շտապողականությունն է, քանի որ հստակ գիտակցում է, որ ժամանակն արդեն թյուրքական կողմի օգտին չի աշխատում: Ալիևը շտապում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր պարտադրի Հայաստանին, իսկ Հայաստանը ձգձգում է նույնիսկ ազգային արժանապատվության հաշվին՝ երևի Պուտինից հստակ հրահանգ ունենալով որևէ կերպ չարձագանքել, պետական ինքնուրույնություն ցույց չտալ:

-Հայ-ադրբեջանական սահմանին էլ տևական ժամանակ լարված իրավիճակ է, պարբերաբար նաև սադրանքներն Արցախ են տեղափոխում: Ադրբեջանի նախահարձակ գործողություններն արդյո՞ք պայմանավորված են Հայաստանի ներքաղաքական անհաշտ ու անկայուն վիճակով:

— Համամիտ չեմ «սադրանք» ձևակերպմանը, քանի որ դա ամենաուղղակի ագրեսիա է Հայաստանի դեմ: Այնուամենայնիվ, Էրդողանի խամաճիկը դարձած Ալիևի վարքը ոչ թե Հայաստանի անհաշտ ու անկայուն վիճակով է պայմանավորված, այլ մի կողմից՝ թուրքական կողմը հրահանգել է Ալիևին հոգեբանական լարվածության մեջ պահել Հայաստանին ու գալիք մեծ վայրիվերումներից առաջ ջլատել հայոց դիմակայության ոգին, մյուս կողմից՝ ռուսական կողմն է նույն նպատակով հրահանգել Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը ներքին անկայուն վիճակ ստեղծել: Ըստ էության, ռուս-թուրքական պայմանավորվածությամբ Հայաստանի դեմ իրականացվում է հիբրիդային պատերազմի մի քանի բաղադրիչ միաժամանակ:

Բայց հիմա 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները չեն, որ բացառապես ռուս-թուրքական պայմանավորվածությամբ կարողանան Հարավային Կովկասում միանձնյա պրոյեկտ իրականացնել: Ավելին՝ այս վերջին շրջանում արևմտյան աշխարհը ռուսներին և թուրքերին մոտեցրել է բախման եզրին, որից ամեն կերպ փորձում են խուսափել երկվորյակ եղբայրներ Պուտինն ու Էրդողանը. հուսանք՝ չեն հաջողի, իսկ բախումն էլ Կովկասում չի լինի: Այնպես որ, առայժմ Հայաստանի տկարացումը բխում է նրանց երկուսի շահերից, և ամեն մեկը դրան հասնում է յուրովի:

— Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններ օգտագործեց, սա ի՞նչ է նշանակում, և ունեցե՞լ ենք արդյոք նման նախադեպ մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

— Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել ամենամահացու մեղքերի մեջ, բայց, ի սեր Աստծո, պետք չէ կեղծ մեղադրանքներ հարուցել: Ձեր նշած դեպքի առիթով ես նույնիսկ մի հրապարակում ունեցա երեկ՝ «Սովետական Միությունը մեռել է, սովետահայ մենթականությունը՝ ոչ» վերնագրով։ Նա հայկական ոչ մի գյուղ թուրքական անունով չի հնչեցրել. թուրքական այդ տեղանունները հայկական անվանում չեն ունեցել, քանի որ դրանք այն տարածքներն էին, որոնք Խորհրդային Հայաստանի կոմունիստ ղեկավարները տարբեր տարիների ընծայաբերել էին Խորհրդային Ադրբեջանին, ինչպես որ այսօր անկլավ համարվող տարածքները. դրանք բոլորը երկար տասնամյակներ եղել են Խորհրդային Հայաստանի կազմում:

Ես ոչ միայն որպես բանասեր, այլև նախնիներով հենց այդ կողմերից եղող մեկը՝ լավ եմ տիրապետում իրողությանը: Լինենք արդարամիտ. Սուրբ Գրքում ասվում է՝ «Ինչ չափով չափեք, նույն չափով եք չափվելու»: Նախադեպերից բերեմ մեր երրորդ նախագահի թևավոր դարձած ընդամենը մեկ արտահայտությունը՝ «Աղդամը իմ հայրենիքը չէ». իսկ մենք «միամտաբար» Աղդամն Ակնա էինք անվանում, իսկ նրա նախորդների բազմիցս հնչեցված Քելբաջարը՝ Քարվաճառ:

— Վերջին շրջանում անկլավների հարցն է օրակարգում, խոսվում է նաև դեմարկացիայի, դելիմիտացիայի և կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորության մասին: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում այդ աշխատանքները, և ո՞ւմ է ձեռնտու այս համաձայնությունների շուտափույթ իրագործումը:

— Եթե անկլավների, սահմանագծման և սահմանազատման խնդիրը լուծվի հայ-ադրբեջան-ռուս հանձնաժողովով, կլինի դավաճանությանը չզիջող ամենաիսկական տհասությունը: Դա ձեռնտու է բացառապես ադրբեջանական կողմին և մասամբ՝ ռուսականին: Մենք պարտավոր ենք չշտապել այդ հարցում և հարցը տեղափոխել ՄԱԿ, առնվազն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, նաև՝ միջազգային դատարան: Իսկ կապուղիների բացման հարցը պետք է բարդել անձամբ Պուտինի գլխին, որը հոխորտում էր, թե ինքն է գրել այդ եռակողմ ստորությունը: Թող մեկ անգամ ևս պարզ դառնա, որ տկարացող Ռուսաստանն իր գլխից մեծ առաքելություն է փորձում ստանձնել տարածաշրջանում, որը նույնիսկ իր թուրք եղբոր հետ անկարող է իրականացնել:

Կապուղիները երբևէ կբացվեն, բայց դա կլինի միայն քաղաքակիրթ երկրների միջամտությամբ: Իսկ միջանցքի մասին խոսակցությունները սին են ու անպտուղ. պետք չէ տրվել ադրբեջանական քարոզչական պատերազմի ֆոբիաներին: Միջազգային կառույցների կողմից ճշգրտվելիք ՀՀ սահմաններից մեկ միլիմետրի նկատմամբ անգամ մեր սուվերենության կորուստը դժոխք կուղարկի դրան համաձայնող հային, իսկ բոլորիս կհանի ամենաիսկական պատերազմի, նույնիսկ՝ պարտիզանական:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close