ՌԴ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները Բելառուսում են
ՌԴ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ համատեղ կենտրոնների ստեղծման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունների ժամանակ

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գրոդնո են ժամանել ՌԴ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները, որոնք պետք է մասնակցեն Բելառուսի հետ համատեղ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության կենտրոնի ձևավորմանը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30 ՍՄ ինքնաթիռների ժամանումը Բարանովիչի օդանավակայան նախատեսված է սեպտեմբերի 3-ին:
Նախարարությունից հայտնել են, որ ՌԴ զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական պատրաստության համատեղ կենտրոնների ստեղծման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունների ժամանակ, որոնք մարտի սկզբին տեղի են ունեցել Մոսկվայում:
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի ամենաժամանակակից զենքերը»: Այս մասին դեռեւս հունիսի 1-ին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը վերաբերում էր ռազմարդյունաբերական համագործակցությանը, այդ թվում՝ Բելառուսին ժամանակակից զենքի մատակարարմանը:
«Որևէ քննարկում չի եղել Ռուսաստանի զինված ուժերը մշտական հիմունքներով Բելառուս տեղափոխելու և ռազմաբազաներ ստեղծելու վերաբերյալ, դա ընդհանրապես չի քննարկվել»,-հայտարարել էր Լուկաշենկոն: