Նորություններ

«Միջպետական ճանապարհը բացվել է ռուսական կողմի ջանքերով»

«Միջպետական ճանապարհը բաց է. ճանապարհը բացվել է ռուսական կողմի ջանքերով, օրեր տևած բանակցությունների արդյունքում»

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի փոխանցմամբ՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բաց է, և բնակիչները հնարավորություն ունեն և՛ մարզկենտրոն, և՛ Գորիս համայնք բնականոն երթևեկելու։

«Այն  բնակավայրերից՝ Որոտանից, Շուռնուխից, Բարձրավանից, որոնք կտրված էին մարզկենտրոնից, հիմա արդեն բնականոն կարող  են երթևեկել»,- ԳԱԼԱ-ի  հետ զրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետը:

Յոլյանի փոխանցմամբ՝ միջպետական ճանապարհը բացվել է ռուսական կողմի ջանքերով, օրեր տևած բանակցությունների արդյունքում:

Վերջինիս խոսքով՝ ինքը մանրամասներին չի տիրապետում, որովհետև բանակցություններին համայնքային իշխանության ներկայացուցիչներ չեն մասնակցել:

Փոխքաղաքապետի պնդմամբ՝ այդ ճանապարհահատվածի վրա ժամանակ առ ժամանակ որոշակի խնդիրներ առաջանում են, և իրենք այդ  մասին բազմիցս բարձրաձայնել են:

«Եվ ճանապարհի փակումն այդ գործողությունների շարունակությունն է: Դա մեզ համար ազդակ պետք է լինի, որ հետագայում ավելի զգոն լինենք: Թուրքը երբեք չի հանգստանում, և իրենք ժամանակ առ  ժամանակ նորից կդիմեն նման սադրանքների։

Շուռնուխը և Բարձրավանը ունեն երկրորդական ճանապարհներ, բայց դրանք դժվարանցանելի են, և դրանք երթևեկելի դարձնելը մեծ աշխատանք է պահանջում:

Այլընտրանքային ճանապարհ կա, բայց ամեն մեքենա չէ, որ կարող է երթևեկել այդ ճանապարհով, որովհետև ռելիեֆը բարդ է, անտառի միջով է անցնում, և այդ տարածքով հիմնականում անտառապահներն են երթևեկում, և դրա համար էլ անհրաժեշտություն չի եղել այդ ճանապարհները երթևեկելի դարձնելու»,- հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button