Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 200-ը. WSJ

Քաբուլի ահաբեկչության ժամանակ Աֆղանստանի շուրջ 200 բնակիչներից բացի, զոհվել է նաեւ 13 ամերիկացի զինծառայող

Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը, որը դարձել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության 20 տարվա ընթացքում ամենամահաբերներից մեկը, գերազանցել է 200-ը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:

Աֆղանստանի շուրջ 200 բնակիչներից բացի, հարձակման հետևանքով զոհվել է 13 ամերիկացի զինծառայող: Առնվազն 15 ամերիկացի զինվոր վիրավորվել է:

Պայթյունը որոտացել է օգոստոսի 26 –ին՝ Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ, որտեղ աֆղանցիները հավաքվել էին երկրից հեռանալու հույսով: Նախ նշվում էր, որ երկու ահաբեկիչների կողմից երկու պայթյուն է որոտացել: Սակայն ավելի ուշ Պենտագոնը պարզաբանել է, որ միայն մեկ պայթյուն է եղել:

Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Աֆղանստանում և Պակիստանում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ պայթյունի հետ առնչություն ունեցողները կպատժվեն:

Գերմանիան, Ֆրանսիան և մի քանի այլ երկրներ ավարտել են իրենց քաղաքացիների տարհանումը:

Չնայած սպառնալից իրավիճակին, Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել մարդկանց դուրս բերել Աֆղանստանից «մինչև վերջին պահը»: Մինչդեռ, Ֆրանսիան ուրբաթ երեկոյան  դադարեցրել է թռիչքները: Ինչպես Twitter-ում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին, Աֆղանստանից գրեթե 3000 մարդ է դուրս բերվել, այդ թվում՝ ավելի քան 2600 աֆղանցի:

Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացը շարունակվում է օգոստոսի 14-ից: Հազարավոր մարդիկ, ովքեր մինչ օրս հավաքված են օդանավակայանի ներսում և դրսում,  սպասում են երկրից հեռանալուն: Տարհանման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Back to top button
Close